Ուկրաինայի հարավ-արևելյան Լուգանսկի և Դոնեցկի շրջաններն անկախություն են հռչակել, ինչը Կիևի իշխանությունները չեն ճանաչում և շարունակում են ռազմական գործողություններն այդ տարածքում։
Տեղի ինքնապաշտպանական ուժերն էլ շարունակում են դիմադրել։ Մայիսի 25-ին Ուկրաինայում անցկացվեցին նախագահական ընտրություններ, որին հետևած իրավիճակին առավել օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է հետևել թարմացվող լրահոսին`
19:50-Ուկրաինայի ազգային գվարդիան տարածել է հաղորդագրություն, որում հերքել է լրատվամիջոցներում տարածվող այն տեղեկությունները, թե Կռասնի Լիման մտած ուժայինները գնդակահարել են տեղացիներին։
19։00-Համացանցում հասանելի է տեսանյութ, որում պատկերված է, թե ինչպես են Լուգանսկի ինքնապաշտպանական ուժերը յուրացնում հունիսի 4-ին գրաված սահմանապահ զորամասի գույքն ու զինամթերքը։
18։10-Դեռևս չհաստատված տեղեկություններով ուկրաինական օդուժի երկու միավոր Սու-25 գրոհիչները հրթիռակոծել են Սլավյանսկի հարևանությամբ գտնվող 2 բնակավայր։ Չկա տեղեկություն նաև տուժածների վերաբերյալ։
17։30-Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության պետ Վլադիմիր Կուլիշովը հայտնել է, որ Ուկրաինայի հետ սահմանակից հատվածում սահմանապահ զորքերն իրականացնում են հերթապահություն՝ ուժեղացված ռեժիմով։ Նա հավելել է նաև, որ արվում է ամեն ինչ՝ Ուկրաինայից զինված խմբավորումների ներթափանցումը Ռուսաստանի տարածք կանխելու համար։
17։05-Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունում հունիսի 4-ին հայտարարվել է կամավոր զորահավաք։
16։15-Լուգանսկի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությունը հայտնել է, որ հունիսի 3-ին և 4-ին ծավալված մարտերի արդյունքում հաջողվել է գրավել շրջանի սահմանապահ ուղեկալենրից մեկը, որի համար մարտերն ընթանում էին արդեն 2 օր և ներքին զորքերի ևս 1 զորամաս։ Ինքնապաշտպանական ուժերի տրամադրության տակ է հայտնվել զորմասերում առկա ողջ զինամթերքը։
15:50-Հարավ-արևելյան շրջաններում իրականացվող հակաահաբեկչական գործողությունների շտաբի տեղեկատվական ծառայությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ հունիսի 3-ին ինքնապաշտպանական ուժերին իսկապես հաջողվել է վնասել ռազմաօդային ուժերի 2 միավոր Մի-24 հարվածային ուղղաթիռ։ Նշվում է, որ անձնակազմերը չեն տուժել ու կարողացել են ժամանակին կատարել վթարային վայրէջք։ Ներկայումս աշխատանքներ են տարվում ուղղաթիռների վրա՝ գնդակոծության հետևանքով ծագած տեխնիկական թերությունների վերացման ուղղությամբ։
15։35-Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովն աշխատանքային այցով մեկնել է երկրի հարավ-արևելյան շրջաններ։ Ինչպես հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները, ներկայումս նա Դոնեցկի հրամանատարական կետերից մեկում է և անձամբ կոորդինացնում է ուժայինների հակաահաբեկչական գործողությունը։
15:10-Սլավյանսկի հրետակոծության հետևանքով վնասվել է քաղաքի գլխավոր ջրատարը, ջրազրկվել են մի շարք թաղամասեր։ Քաղաքի ադմինիստրատիվ ղեկավարությունը կոչ է արել բնակիչներին հնարավորության դեպքում հավաքել ջրի մի քանի օրվա պաշար։ Նշենք, որ վնասված ջրատարի վերականգնումն այս պահին հնարավոր չէ՝ ընթացող ինտենսիվ մարտերի պատճառով։
14։45”ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան կոչ է արել դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայի հարավ-արևելքում։ Նա հավելել է, որ պետք է ստեղծվեն պայմաններ Դոնբասի խաղաղ բնակիչների մարդասիրական օգնություն տրամադրելու համար։
13:20-ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն հանդիպում են ունեցել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում և քննարկվել են նաև Միացյալ Նահանգների մասնակցությունն Ուկրաինայի ուժայիններին կրթելու գործում։ Հանդիպմանը քննարկվել են նաև Ուկրաինայում ստեղծված իրավիճակին առնչվող այլ հարցեր։
13։02”Նախօրեին Սլավյանսկի մոտակայքի Կրասնի Լիման բնակավայրի մարտերում 10 քաղաքացիական անձ և ինքնապաշտպանական ուժերի 8 անդամ է զոհվել։ Այս մասին հայտնել են ինքնապաշտպանական ուժերի շտաբից։
13։00”Դոնեցկի ինքնապաշտպանական ուժերը ռուսաստանյան ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել են, թե Սլավյանսկում վայր են գցել Ուկրաինայի ռազմաօդային ուժերի Մի-24 ուղղաթիռ։
12։10-Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է ուկրաինական ուժայինների շարասյունն ընկնում ինքնապաշտպանական ուժերի դարանի մեջ։ Տեսախցիկն ամրացված է ուկրաինական զրահափոխադրիչին, որը նույնպես լուրջ վնասվում է։
11։50-Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ֆրանսիական TF-1 հեռուստաալիք հետ զրույցում հայտարարել է, թե Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններում չկան ռուսաստանցի զինծառայողներ կամ ռազմական մասնագետներ։ Նա նշել է նաև, որ Ռուսաստանը չունի որևէ մտադրություն միջամտել այդ շրջաններում ծավալվող իրադարձություններին։
11։30-Լուգանսկում ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է վերահսկողություն հաստատել Ուկրաինայի ներքին զորքերի զորամասի նկատմամբ։ Մարտերը շարունակվել են մի քանի ժամ, կողմերը վիրավորներ ունեն, տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում անցկացվել է հանրաքվե, որով տեղի բնակիչների ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկել անկախությանը, սակայն Կիև իշխանությունները չեն ճանաչել դա։
Կողմերի միջև ռազմական գործողությունները ներկայում էլ փոփոխակի հաջողությամբ շարունակվում են։
Իրավիճակի և զարգացումների մասին տեղեկությունները բավական իրարամերժ են. ուկրաինական և ռուսաստանյան կողմերի տվյալները զգալի տարբերվում են։