ԱՄՆ ծովային հետևակի գրոհիչ Harrier AV-8B ինքնաթիռը, որը պատկանում է Յումայի ռազմակայանին, հունիսի 4-ին վթարի է ենթարկվել Կալիֆորնիայի նահանգի տարածքում։ Վթարի պատճառները հայտնի չեն։
Ինչպես հաղորդում է ամերիկյան ABC հեռուստաընկերությունը, օդաչուին հաջողվել է կատապուլտի օգնությամբ դուրս գալ ինքնաթիռից, նրան տեղափոխել են հոսպիտալ. նրա վիճակի մասին այս պահի դրությամբ տեղեկություններ չկան։
Ականատեսների վկայությամբ՝ ինքնաթիռի ընկնելուց անմիջապես հետո ուժգին պայթյուն է եղել։ Պայթյունի հետևանքով այրվել է հարևան բնակելի տներից մեկը, ևս երկուսը վնասվել են։ NBS հեռուստաընկերության տվյալներով՝ ինքնաթիռի անկման ժամանակ և պայթյունի վայրում զոհեր և տուժածներ չկան։
Նկատենք, որ Յումային պատկանող մեկ այլ Harrier AV-8B վթարի էր ենթարկվել 2014-ի մայիսի սկզբին։
Հիշեցնենք, որ Harrier AV-8B գրոհիչը շահագործում են ԱՄՆ ծովային հետևակները, ինչպես և Իսպանիայի ու Իտալիայի ռազմածովային ուժերը։ Ամերիկյան զինուժն այն կիրառել է Աֆղանստանում պատերազմի ժամանակ։ Ինքնաթիռն ունակ է բացել մինչև 1063 կմ/ժ արագություն, երկարությունը՝ 14.12 մ, թևի բացվածքը՝ 9.25 մ, բարձրությունը՝ 3.5 մ, կարող է կրել կառավարվող ու չկառավարվող հրթիռներ։
Pingback: ԱՄՆ-ում մեկ օրվա ընթացքում վթարվել է երկրորդ մարտական ինքնաթիռը | Ռազմ.info