Ինդոնեզիայի ռազմաօդային ուժերը կհամալրվեն F-16 կործանիչներով

Ինդոնեզիայի ՌՕՈւ հրամանատար, մարշալ Փութու Դունիան 2014-ի ապրիլի 18-ին աշխատանքային այցով եղել է Միացյալ Նահանգներում, որտեղ այցելել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի Հիլլ ավիաբազա, ինչպես նաև եղել արտադրամասում, ուր ընթանում են ինդոնեզական օդուժի համար նախատեսված F-16 կործանիչների վերանորոգման ու արդիականացման աշխատանքները։

Այս մասին հաղորդում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի անցուդարձը լուսաբանող Hill top Times կայքը։

Մարշալ Փութու Դունիա

Մարշալ Փութու Դունիան Ինդոնեզիայի համար նախատեսված F-16 կործանիչի մեջ

Ներկայումս ԱՄՆ-ում իրականացվում է ընդհանուր առմամբ 13 միավոր F-16 կործանիչների C և D մոդիֆիկացիաների արդիականացում։ Կործանիչներից 4-ը նախատեսվում է փոխանցել ինդոնեզական կողմին արդեն 2014-ի հուլիսին։ Ավելի վաղ Ինդոնեզիայի ռազմաօդային ուժերի հրամանատարը հայտնել էր՝ արդիականացված կործանիչներն ամբողջ ծավալով կհամալրեն երկրի օդուժը շարքերը մինչև 2015 թվականը։

Նշենք, որ ռազմատեխնիկական համագործակցությունը երկու երկրների միջև F-16 կործանիչների մատակարարումով չի սահմանափակվում։ Դեռևս 2011-ի նոյեմբերի 16-ին ԱՄՆ կոնգրեսի անվտանգության և պաշտպանական համագործակցության գործակալությունն իրազեկել էր, որ նախատեսվում է Ինդոնեզիային վաճառել 24 միավոր F-16 կործանիչ, շուրջ 28 ավիաշարժիչ ու զգալի քանակի պահեստամասեր։ Մատակարարման ընդհանուր արժեքը գնահատվում էր շուրջ 750 միլիոն ամերիկյան դոլար։

Ամերիկյան F-16 Fighting Falcon (թարգմ.՝ մարտնչող բազե) կործանիչն իր առաջին թռիչքը կատարել է 1974-ին։ Այն շահագործվում է աշխարհի շուրջ 25 երկրնրի ռազմաօդային ուժերում։ Մինչ օրս արտադրվել է ավելի քան 4 500 միավոր ինքնաթիռ։ F-16-ը կարող է զարգացնել մինչև 2100 կմ/ժ առավելագույն արագություն, իսկ թռիչքի առաստաղը 15 200 մետր է։

Սպառազինությունում ունի «օդ-օդ» և «օդ-մակերևույթ» դասի, ինչպես նաև հականավային հրթիռներ։ Կործանիչը կարող է իրականացնել նաև ռումբային հարվածներ, այդ թվում՝ նետել B-61 միջուկային ռումբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *