Մալայզիական Deftech ընկերությունը բանակցություններ է սկսել թուրքական FNSS Savunma Sistemleri ընկերության հետ, որի արդյունքում նախատեսվում է, որ Մալայզիան Թուրքիայից կգնի 6 միավոր Pars 6×6 զրահապատ մարտական մեքենաներ:
Մեքենաները, ըստ defensenews.com կայքի, մալայզիական զինված ուժերը տրամադրելու է Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության կազմում գործող իր ստորաբաժանումներին:
Նշենք, որ Թուրքիայի հետ Մալայզիայի ռազմական համագործակցությունը սկսվել է դեռևս 2010-ին: Այդ ժամանակ մալայզիական պետական Deftech գործակալությունը պայմանագիր էր կնքել թուրքական FNSS Savunma Sistemleri ընկերության հետ, որով նախատեսված էր, որ Մալայզիան թուրքական ընկերությունից ստանալու էր 257 միավոր տարբեր արդիականացումների FNSS Pars 8×8 զրահամեքենաներ, որոնց համար վճարելու էր շուրջ 600 մլն ամերիկյան դոլար: Միևնույն ժամանակ կողմերը պայմանավորվել էին, որ զրահամեքենաների մի մասը՝ շուրջ 100 միավոր, թուրքական ընկերության արտոնագրով հավաքվելու են Մալայզիայում, դրանք ստանալու էին AV8 անվանումը:
Ավելացնենք, որ 2014-ի հունվարին Մալայզիա էր այցելել Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը: Այցելության արդյունքում հունվարի 10-ին կնքվել է ռազմավարական համագործակցության համաձայնագիր, որով կողմերը պարտավորվում են խորացնել տնտեսական կապերը մի շարք ոլորտներում, այդ թվում` ռազմարդյունաբերությունում: Ընդ որում՝ Մալայզիան 2013 թվականի տվյալներով թուրքական ռազմարդյունաբերական արտադրանքի սպառողների շարքում երրորդն է` զիջելով միայն ԱՄՆ-ին և Իտալիային:
FNSS Pars անվավոր զրահափոխադրիչները նախատեսված են դեսանտայինների տեղափոխման ու նրանց կրակային աջակցման համար: Մեքենան արտադրվում է 6×6, 8×8, 10×10 ընթացամասերով: Անձնակազմը 2 հոգի է, կարող է տեղափոխել մինչև 11 դեսանտային, մեքենայի զանգվածը 26 տոննա է:
Բազային Pars զրահամեքենան զինված է 12,7 մմ գնդացրով, սակայն նրա վրա կարող են տեղադրվել նաև 25 մմ ավտոմատ թնդանոթ ու դրան կցված 7,62 մմ գնդացիր (Pars հետևակի մարտական մեքենա), ինչպես նաև այլ սպառազինություն: