Ուկրաինայի ՌԾՈւ նախկին հրամանատարը՝ ՌԴ Սևծովյան նավատորմի հրամանատարի տեղակալ

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ղրիմ կատարած աշխատանքային այցի ընթացքում փոխծովակալ Դենիս Բերեզովսկուն նշանակել է Սևծովյան նավատորմի հրամանատարի տեղակալ։

 

փոխծովակալ Դենիս Բերեզովսկի

փոխծովակալ Դենիս Բերեզովսկի

Հատկանշանական է, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսանդր Տուրչինովի մարտի 1-ի հրամանագրով Բերեզովսկին զբաղեցրել էր Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատարի պաշտոնը։ Այնուհանդերձ, մեկ օր անց՝ մարտի 2-ին, Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսենովը հայտարարել էր՝ Բերեզովսկին երդում է տվել Ղրիմի ժողովրդին, և որ Ղրիմում արդեն ստեղծվել են սեփական ռազմածովային ուժերը, որոնց հրամանատարը հենց Բերեզովսկին է։

Ուկրաինական կենտրոնական իշխանություններն ի պատասխան Բերեզովսկու նման քայլին՝ նրա նկատմամբ «պետական դավաճանություն» հոդվածով քրեական գործ են հարուցել։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 20-ին հրամանագիր էր ստորագրել, որի համաձայն՝ ուկրաինացի զինծառայողների կոչումներն ուժի մեջ են լինելու նաև ՌԴ-ի տարածքում։ Նման նախաձեռնությամբ ՌԴ նախագահին էր դիմել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Հավելենք, որ մարտի 16-ին Ղրիմի հանրաքվեի քվեարկողների 96.6 տոկոսը կողմ էր արտահայտվել ՌԴ-ի կազմում ընդգրկվելուն, 3.4 տոկոսը՝ դեմ։ Ընդ որում, քվեարկությանը, համաձայն Ղրիմի իշխանություննների հաղորդած տվյալների, մասնակցել էր թերակղզու բնակչության 82.71 տոկոսը, քվեարկողները պատասխանել էին՝ կողմ են, որ «Ղրիմը վերամիավորվի Ռուսաստանի հետ՝ ՌԴ-ի սուբյեկտի իրավունքով», թե կողմ են, որ «վերականգնվի Ղրիմի Հանրապետության 1992 թվականի Սահմանադրությունն ու Ղրիմը լինի Ուկրաինայի կազմում»։

Մարտի 18-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրիմի կառավարության ղեկավար Սերգեյ Ակսենովը, Ղրիմի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը և Սևաստոպոլի ղեկավար Ալեքսեյ Չալիյը պայմանագիր էին ստորագրել, որը ենթադրում է՝ Ղրիմը և Սևաստոպոլն ընդգրկվում են Ռուսաստանի Դաշնության կազմում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *