Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հեռացվել է

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը փետրվարի 19-ին պաշտոնից ազատել է երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Զամանին։ Հեռացման պատճառները հայտնի չեն։

Վլադիմիր Զաման

Վլադիմիր Զաման

Ինչպես հաղորդում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը, ԶՈւ ԳՇ նոր պետ է նշանակվել Յուրի Իլյինը, որը մինչ այդ զբաղեցնում էր Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատարի պաշտոնը։

Հայտնի է նաև, որ Զամանը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ։

Հիշեցնենք, որ Զամանը պաշտոնավարում էր որպես ԶՈւ ԳՇ պետ 2012-ի փետրվարից։ Ավելի վաղ նա եղել է երկրի ցամաքային ուժերի մարտական պատրաստվածության գծով հրամանատարի տեղակալ։

Հավելենք, որ Ուկրաինայում վերջերս ցույցերի ալիք է բարձրացել. ցույցերը վերաճել են բախումների փետրվարի 18-ին։ Բախումների հետևանքով գրանցվել են զոհեր և տուժածներ թե´ ուժային կառույցների աշխատակիցների, թե´ ցուցարարների շարքերում։ Շրաջանառվում է հիմնականում 25 զոհերի վարկածը։

Ուժայինները ցուցարարներին Գերագույն ռադայի շենքի մերձակայքից հարկադրել են հեռանալ դեպի Մայդան՝ օգտագործելով ջրցցան մեքենաներ։
Նախօրեին Գերագույն Ռադան պետք է քննարկեր 2004-ի Սահմանադրությանը վերադառնալու հավանականությունը։ Այն ըստ էության սահմանափակելու էր գործող նախագահի լիազորությունները՝ դրանց մի մասը փոխանցելով կառավարությանն ու խորհրդարանին։

Բացի այդ, կառավարությունը վերջնագիր էր ներկայացրել ցուցարարներին. եթե մինչև փետրվարի 18-ը չդադարեցնեն «անկարգությունները, ուժային կառույցները հարկադրված կլինեն սեփական միջոցներով ցրել ցույցը»։

Նկատենք, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը մի քանի պաշտոնական հաղորդագրություններով հերքել էր, որ զինուժը որևէ կերպ միջամտում է ներքին բախումներին։ Սակայն պաշտպանության նախարարն ընդգծել էր՝ եթե երկրում հայտարարվի արտակարգ դրություն, ապա զինծառայողների մի մասին հարկադրված են լինելու իրավիճակի հանդարտեցման գործընթացում ներառել։

Փետրվարի 18-ին հայտնի էր դարձել՝ ՊՆ-ն այնուհանդերձ Կիև է ուղարկել օդադեսանտային զորքերի 500 զինծառայողի, սակայն պնդում է, որ ոչ թե ցույցերին միջամտելու, այլ ռազմակայանների պարեկության համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *