Ուկրաինայի ՊՆ-ը դեսանտայիններ է ուղարկել Կիև

Ուկրաինայի պաշտպանության նախարար Պավել Լեբեդևը հաստատել է, որ Դնեպրոպետրովսկից երկրի մայրաքաղաք Կիև են ուղարկվել դեսանտայիններ:

Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներ

Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներ

Այս մասին հաղորդում է ուկրաինական «Լևիյբերեգ» պարբերականը, որին հարցազրույց է տվել նախարարը։

Չնայած որ Կիևում ներկա դրությամբ ընդդիմադիր կուսակցությունների հետևորդների և ոստիկանական ուժերի միջև բախումներ են գրանցվում, Լեբեդևի խոսքերով՝ դեսանտայինները Կիև են ուղարկվել ոչ թե Մայդանում ներքին կարգուկանոնի հաստատման, այլ «ռազմակայանների պարեկության համար, քանի որ այնտեղ մեծ քանակությամբ մարտական զենք-զինամթերք կա»։

Նկատենք, որ դեսանտայայինների ուղարկման մասին լուրն ավելի վաղ տարածել էր պաշտպանության նախկին նախարար, ներկայումս ընդդիմադիր քաղաքական գործիչ Անատոլիյ Գրիցենկոն։ Նա շեշտել էր՝ խոսքը Դնեպրոպետրովսկի օդադեսանտային բրիգադի մարտիկների մասին է։ Նախկին նախարարը նաև թիվ էր հիշատակել՝ հավաստիացնելով, որ լիարժեք մարտական լրակազմով 500 դեսանտայիններ ծառայությունը շարունակելու են Կիևում։

Հարկ է նշել, որ մինչ այս հայտարարությունն Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը մի քանի պաշտոնական հաղորդագրություններով հերքել էր, որ զինուժը որևէ կերպ միջամտում է ներքին բախումներին։ Սակայն նախարարն ընդգծել էր՝ եթե երկրում հայտարարվի արտակարգ դրություն, ապա զինծառայողների մի մասին հարկադրված են լինելու իրավիճակի հանդարտեցման գործընթացում ներառել։

Մինչ օրս Կիևում ցույցերի և անկարգությունների ժամանակ իշխանությունների հրահանգով միջամտություն են ցուցաբերել ներքին զորքերի զինծառայողները, ինչպես նաև «Բերկուտ» հատուկ նշանակության ստորաբաժանումը։

Հավելենք, որ Ուկրաինայում ցույցերը վերաճեցին բախումների փետրվարի 18-ին։ Բախումների հետևանքով գրանցվել են զոհեր և տուժածներ թե´ ուժային կառույցների աշխատակիցների, թե´ ցուցարարների շարքերում։ Շրաջանառվում է հիմնականում 25 զոհերի վարկածը։

Ուժայինները ցուցարարներին Գերագույն Ռադայի շենքի մերձակայքից հարկադրեցին հեռանալ դեպի Մայդան՝ օգտագործելով ջրցող մեքենաներ։
Նախօրեին Գերագույն Ռադան պետք է քննարկեր 2004-ի Սահմանադրությանը վերադառնալու հավանականությունը։ Այն ըստ էության սահմանափակելու էր գործող նախագահի լիազորությունները՝ դրանց մի մասը փոխանցելով կառավարությանն ու Ազգային ժողովին։ Բացի այդ, կառավարությունը վերջնագիր էր ներկայացրել ցուցարարներին. եթե մինչև փետրվարի 18-ը չդադարեցնեն «անկարգությունները, ուժային կառույցները հարկադրված կլինեն սեփական միջոցներով ցրել ցույցը»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *