ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդը մասնակցել է ՆԱՏՕ-ի անցկացրած համաժողովին

ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես եպս. Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը 2014-ի փետրվարի 3-ից 7-ը մասնակցել է Փարիզում գումարված ՆԱՏՕ անդամ և համագործակցող երկրների «Զինված ուժերի հոգևոր առաջնորդների միջազգային 25-րդ համաժողովին»։

Այս տարի այն խորագրված էր «Տառապանք և հույս. Առաջին համաշխարհային պատերազմի խրամատներից մինչև արտաքին` դեպի դուրս ուղղված գործողություններ. Տեսանելի և անտեսանելի վերքերի շրջանակ. բանակային հոգևոր սպասավորների ներկայությունն ու խոսքը» և նվիրված էր Առաջին համաշխարհային պատերազմի մեկնարկի 100-ամյակին։

Համաժողովն անցկացվում էր Փարիզի ռազմական ակադեմիայում, որտեղ ժամանակին ուսանել է Նապոլեոն Բոնապարտը։

Հոբելյանական այս համաժողովին Հայաստանի հետ մասնակցում էին ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդներ ու ներկայացուցիչներ մոտ երկու տասնյակ երկրներից (Կանադա, Մեծ Բրիտանիա, Ավստրիա, Գերմանիա, Նիդեռլանդներ, Չեխիա, Էստոնիա, Հունաստան, Կիպրոս, Լեհաստան, Բելգիա, Լյուքսեմբուրգ, Շվեդիա, Նորվեգիա, Դանիա, Հարավային Կորեա, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Սլովակիա, Ուկրաինա, Բոսնիա և Հերցեգովինա)։

Համաժողովը նախագահում էր ՆԱՏՕ-ի ԱՄՆ-ի եվրոպական բանակային հոգևոր սպասավորների առաջնորդ Դավիդ Բոշամը։

Հյուրընկալ երկրի` Ֆրանսիայի զինված ուժերում հոգևոր ծառայություն են իրականացնում երկրում առկա չորս` հռոմեակաթոլիկ, բողոքական, իսլամական և հրեական կրոնական համայնքների ներկայացուցիչները, որոնք էլ բանախոսություններով ներկայացրեցին իրենց ծառայության մասնահատուկ ուղղվածությունը, արձանագրված հաջողություններն ու դիմագրավելիք խնդիրները։

Նիստերի ընթացքում և առանձնազրույցներով քննարկվում էին տարբեր երկրների հոգևոր առաջնորդությունների համագործակցության և համատեղ իրականացվելիք ծրագրերի հնարավորությունը։

Համաժողովականները մասնակցեցին Հաղթանակի կամարի անմար կրակի մոտ անցկացվող երեկոյան միջոցառմանը, նաև այցելեցին Առաջին համաշխարհային պատերազմի նորաբաց թանգարան, փոխանցում է ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության կայքը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *