Ադրբեջանցի փորձագետը հեռացել է «Պահեստազորի սպաներ» ՀԿ-ից

Ադրբեջանում պաշտպանության նախկին նախարար Սաֆար Աբիևին ամենահաճախ քննադատող ռազմական փորձագետներից մեկը, «Պահեստազորի սպաներ» ՀԿ-ի նախագահ Յաշար Ջաֆարլին հրաժարական է տվել՝ համալրելով «Ազգային խորհուրդ» ընդդիմադիր կուսակցությունների դաշինքի շարքերը։

Ռազմական փորձագետ Յաշեր Ջավարլի

Ռազմական փորձագետ Յաշեր Ջավարլի

Այս մասին Ջաֆարլին հայտարարել է հունվարի 27-ին՝ հավելելով, որ ՀԿ-ից հեռանում է, քանի որ արդեն 50-ն անց է։ Ջաֆարլին շեշտել է, որ պաշտոնավարել է շուրջ 11 տարի, և ՀԿ-ից հեռանալը բնավ չի նշանակում առհասարակ ակտիվ չլինել. նա պատրաստվում է գործունեություն ծավալել քաղաքական ասպարեզում։

Հիշեցնենք, որ Յաշար Ջաֆարլին հայտնի է ՊՆ-ին ուղղված սուր քննադատություններով։ Նա բանակի բարեփոխումները կապում էր նախ և առաջ Սաֆար Աբիևի հրաժարականի հետ։ Հավանաբար հենց նման համարձակ մտքեր արտահայտելու պատճառով էլ 2013-ի ապրիլի 2-ին ռազմական փորձագետը հարձակման էր ենթարկվել շքամուտքում։ Նա բացեիբաց հայտարարել էր, որ իր վրա հարձակվել են Սաֆար Աբիևի հրահանգով։

Ջաֆարլիի հետաքննական աշխատանքի շնորհիվ հայտնի էր դարձել, որ Աբիևը հունգարական բանկերում ավելի քան 87 մլն ԱՄՆ դոլարի հաշվեհամարներ ունի։

Նկատենք, որ փորձագետը չէր դադարել քննադատել Աբիևին անգամ վերջինիս պաշտոնաթող լինելուց հետո, սակայն հիմնականում ձեռնպահ էր մնում նոր նախարար Զաքիր Հասանովին նշանակելու ու նրա գործունեության վերաբերյալ տեսակետ արտահայտելուց։ Զաքիր Հասանովի պաշտոնավարման ընթացքում Յաշար Ջաֆարլին զգալիորեն պասիվ դիրքորոշում էր որդեգրել. նրա հրաժարականը և բացառապես քաղաքական դաշտ տեղափոխվելը սպասելի էր, հատկապես որ փորձագետը երբևէ չէր թաքցրել իր համակրանքն ընդդիմադիր կուսակցությունների գործունեության նկատմամբ։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *