ԱՄՆ պաշտպանության նախարարը ժամանում է Թուրքիա՝ մի շարք կարևոր հարցեր քննարկելու

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Չաք Հեյգելն այսօր՝ հունվարի 27-ին, ժամանում է Թուրքիա, որտեղ մի շարք կարևոր հարցեր են քննարկվելու։

Չաք Հեյգել. Լուսանկարը՝ «Բլումբերգի»

Չաք Հեյգել. Լուսանկարը՝ «Բլումբերգի»

Հեյգելը Թուրքիա է այցելում եվրոպական շրջագայության շրջանակներում։ Անկարայում նա բավական հագեցած օրակարգ է ունենալու, քանի որ քննարկման ենթակա մի շարք կարևոր հարցեր կան։ Հեյգելին ընդունելու են Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Անկարայում քննարկվելիք հարցերի թվում են Թուրքիայի մեծ հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգի մրցույթում Չինաստանին նախապատվություն տալը, Սիրիայում ստեղծված իրավիճակը, ԱՄՆ-ից գնած AWACS-ների հարցը, թուրքերի՝ ամերիկյան անօդաչու թռչող սարքերի նկատմամբ հետաքրքրությունը և այլն։

Թուրքական և միջազգային մի շարք լրատվամիջոցներ նշում են, թե Հեյգելն իր թուրք գործընկերների հետ առաջնային քննարկելու է չինական ՀՕՊ համակարգերի ընտրության հարցը։ Հիշեցնենք, որ 2013-ի սեպտեմբերին Թուրքիան որոշեց գնել չինական ՀՕՊ համակարգերը, թեև մրցույթին մասնակցում էին նաև ամերիկյան Patriot PAC-3 զենիթահրթիռային համալիրները։

Անկարայի ընտրությունը մեծ դժգոհությամբ ընդունվեց ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ ՆԱՏՕ-ում, որոնք հայտարարեցին, թե դրանք չեն կարողանա ինտեգրվել ՆԱՏՕ-ի միացյալ ՀՕՊ համակարգին, ինչը դրանց արդյունավետությունը զգալի նվազեցնում է։ Սպասվում է, որ ամերիկացի նախարարը կարող է նոր առաջարկ անել Թուրքիային՝ կապված Patriot կայանների տրամադրման պայմանների հետ։ Պետք է նշել, որ Թուրքիան դեռ վերջնական պայմանագիր չի կնքել չինացիների հետ։

Կարևորագույն հարցերի թվում է նաև Սիրիայում ստեղծված իրավիճակը։ Սիրիայի հարցում Անկարան ու Վաշինգթոնը համախոհներ են։ Հեյգելի հանդիպումների ընթացքում քննարկվելու է Թուրքիայի հարևան երկրում իսլամիստական խմբավորումների զգալի ակտիվացումը, սիրիաբնակ քրդերի քայլերը և դրանցից բխող հետևանքները տարածաշրջանի համար, որտեղ ԱՄՆ-ն բավական ակտիվ քաղաքականություն է վարում։

Բացի այդ, սպասվում է, որ Թուրքիան հերթական անգամ բարձրացնելու է ամերիկյան Predator տիպի անօդաչու թռչող սարքեր գնելու թեման, որը Միացյալ Նահանգները ձգձգում է։ Քննարկումների թեման է լինելու տարածաշրջանում իրավիճակը, մասնավորապես, վերջին շրջանում Իրաքի զարգացումները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *