Ադրբեջանում պատերազմի ևս մեկ վետերան ինքնահրկիզվել է

Հունվարի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանի Եվլախ քաղաքում՝ Սոցիալական պաշտպանության հիմնադրամի շենքի մուտքի մոտ, Արցախյան պատերազմի վետերան, 1969-ին ծնված Նիզամի Յուսիֆ օղլու Քերիմովն ինքնահրկիզվել է։ Սա վերջին երկու ամսվա ընթացքում Ադրբեջանում պատերազմի վետերանների ինքնահրկիզման երկրորդ փորձն է։

Համաձայն Եվլախի ոստիկանական ծառայության հաղորդած տվյալների՝ վետերանին շտապ տեղափոխել են շրջանային հիվանդանոց, այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Փաստի առնչությամբ ընթանում է հետաքննություն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վետերանը նման քայլի է գնացել իր իրավունքները խախտելու և սոցիալական նպաստները չվճարելու պատճառով։

Հիշեցնենք, որ 2013-ի դեկտեմբերի 25-ին Բաքվում ինքնահրկիզում էր կատարել Արցախյան պատերազմի վետերան, 2-րդ կարգի հաշմանդամ, 5 երեխաների հայր Զաուր Հասանովը։ Դեկտեմբերի 28-ին նա մահացել էր՝ տապալելով իշխանությունների՝ վերջինիս օգնելու իմիտացիան սեփական քարոզչության համար օգտագործելու փորձերը։ Դեկտեմբերի 29-ին վետերանի հուղարկավորությունը վերաճել էր բողոքի ցույցի։

Նկատենք, որ Զաուր Հասանովի դեպքից հետո Ադրբեջանում զգալի է հասարակական ակտիվություն, բացի այդ էլ հետզհետե վերհանվում են նրանց խնդիրները, որոնք տևական ժամանակ լուծում չեն ստանում։ Ասվածի ապացույցներից մեկն էլ փետրվարի 8-ին Արցախյան պատերազմի ադրբեջանցի վետերանների նախատեսած բողոքի ցույցն է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *