Ադրբեջանի ՊՆ-ում՝ փոփոխություններ. փորձագետներից մեկը գոհ է, մյուսը լռում է

Հոկտեմբերի 22-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար նշանակված Զաքիր Հասանովն արդեն հաջորդ օրը կադրային կտրուկ փոփոխություններ է սկսել։ Ադրբեջանի լրատվադաշտում ակտիվ փորձագետներից մեկը պարբերաբար մեկնաբանում է, մյուսը լռում ՊՆ նոր քաղաքականության վերաբերյալ։

«Անվտանգություն, ժողովրդավարություն և տնտեսական զարգացում» (SeDEP) ՀԿ-ների դաշինքի նախագահ

«Անվտանգություն, ժողովրդավարություն և տնտեսական զարգացում» (SeDEP) ՀԿ-ների դաշինքի նախագահ

«Անվտանգություն, ժողովրդավարություն և տնտեսական զարգացում» (SeDEP) ՀԿ-ների դաշինքի նախագահ

Խնդիրն այն է, որ Ադրբեջանի ՊՆ-ն հոկտեմբերի 24-ից կամ չի մեկնաբանում կադրային կտրուկ փոփոխությունների իսկությունը կամ էլ անորոշ պատասխաններ է տալիս։ Այս պարագայում ՊՆ-ում կադրային փոփոխությունների մասին իրազեկում են

• սեփական ռազմական աղբյուրներին հղում կատարելով՝ հիմնականում «ԱՊԱ» ու «Թրենդ» լրատվական գործակալությունները,
• պաշտոնանկությունները մեկնաբանում, հերքում կամ հաստատում են հենց իրենք՝ զինվորականները, ընդ որում՝ թե´ առաջատար, թե´ ադրբեջանալեզու և ոչ մեծ լսարան ունեցող լրատվակայքերին,
• պաշտոնանկությունների մասին իր Ֆեյսբուքյան էջում ակնհայտ ակտիվորեն գրում է ռազմական փորձագետ, «Գյունդելիք Ադրբեջան» և «Իրական Ադրբեջան» թերթերի նախկին աշխատակից Ուզեիր Ջաֆարովը։ Ընդ որում, նրա գրառումներն արտատպվում են ադրբեջանալեզու և ռուսալեզու (օրինակ՝ haqqin.az) լրատվամիջոցներում՝ ներկայացվելով որպես այս կամ այն զինվորականի պաշտոնակության փաստ, մինչդեռ փորձագետը սեփական, անհայտ աղբյուրներից ելնելով է գրում, իսկ ՊՆ մամուլի ծառայությունը լռում է պաշտոնանկությունների պտտվող լուրերի առնչությամբ։ Բացի այդ, Ջաֆարովն ինքն էլ ունի սեփական լրատվական ռեսուրսները ու դրանց օգնությամբ էլ է շրջանառում իր սոցցանցային գրառումները։

Ըստ այդմ, հոկտեմբերի 24-ից ի վեր Ադրբեջանի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը բառիս բուն իմաստով դարձել է տեղեկատվության աղբյուր ադրբեջանական լրատվամիջոցների ստվար շարքի համար։

Հարց է ծագում. ինչո՞վ է պայմանավորված ռազմական փորձագետի նման ակտիվությունն այն դեպքում, երբ մինչև Զաքիր Հասանովի պաշտոնավարումը նա աչքի չէր ընկնում «սեփական աղբյուրների առկայությամբ» և ակտիվ սոցցանցային տեղեկատվությամբ։ Ընդհակառակը, նա հայտնի էր Ադրբեջանի մամուլում բանակին և բանակի ղեկավարությանն ուղղված խիստ քննադատություններով։ Թերևս հենց իր սուր ելույթների պատճառով Ուզեիր Ջաֆարովին ծեծի էին ենթարկել 2007-ին: Ծեծի կազմակերպիչներին ձերբակալել էին, սակայն այդպես էլ քրեական պատասխանատվության չէին ենթարկել։ Յասամալիի շրջանի դատարանը մերժել էր Ջաֆարովի պատասխան բողոքը՝ չնայած որ 132 հոդվածով (ծեծ) քրեական գործն արդեն հարուցվել էր։ Խնդիրն այն էր, որ Ջաֆարովը մատնանշել էր՝ իրեն ծեծի է ենթարկել ոստիկանապետ Նաբի Նաջաֆովը։ Հաշվի առնելով իրավիճակը՝ Ջաֆարլին 2013-ի հունիսին դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ իր իրավունքների խախտման մասին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով (ազատ արտահայտվելու իրավունք), 6-րդ հոդվածով (արդար դատավարության իրավունք) և 2-րդ հոդվածով (կյանքի իրավունք)։

2013-ի հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում Ջաֆարովը բարձրաձայնում էր ՊՆ վատ աշխատանքի, ոչ մարտական կորուստների քանակի, ադրբեջանցի ռազմագերի՝ Ադրբեջան վերադառնալու դեպքում ձերբակալության մասին։

Ներկա դրությամբ, ընդամենը մի քանի ամիս անց, ինչպես տեսնում ենք, նա փոխել է իր գաղափարական ուղեգիծը։

Նույնը չի կարելի ասել Ջաֆարովի գործընկեր, «Անվտանգություն, ժողովրդավարություն և տնտեսական զարգացում» (SeDEP) ՀԿ-ների դաշինքի նախագահ, պահեստազորի փոխգնդապետ, ռազմական փորձագետ, «Պահեստազորի սպաներ» ՀԿ-ի նախագահ Յաշար Ջաֆարլիի մասին։

Ուշագրավ է այն, որ Սաֆար Աբիևին ամենահաճախը քննադատող փորձագետը տևական ժամանակ լռություն էր պահպանում և որևէ կերպ չէր մեկնաբանում ՊՆ-ի կադրային փոփոխությունները։ ՄԻնչդեռ Աբիևի պաշտոնանկությունից հետո նրան քննադատող հրապարակումներ հայտնվեցին նույնիսկ ադրբեջանական իշխանամետ լրատվակայքերում։
Ջաֆարլին իր տեսակետը բարձրաձայնեց հոկտեմբերի 30-ին, այն էլ՝ ոչ թե մամուլի ասուլիսի, այլ «Թուրան» լրատվական գործակալությանն ուղարկված նամակի տեսքով՝ խոսելով «Պահեստազորի սպաներ» ՀԿ-ի անունից։

Հաղորդագրության մեջ շեշտվում է, որ նոր նախարարի պաշտոնավարության շուրջ աղմուկով հասարակության ուշադրությունը փորձում են շեղել իրական խնդիրներից, այդ թվում՝ Սաֆար Աբիևի՝ պատասխանատվությունից խուսափելուց։ Ջաֆարլին հավանաբար նկատի է ունեցել այն հանգամանքը, որ Սաֆար Աբիևի անվան շուրջ քննադատություններ իշխանական ու ընդդիմադիր մամուլում հնչեցին միայն նրա պաշտոնանկությանը հաջորդած մի քանի օրը։ Աղմուկն արագ մարեց, հասարակությունը մոռացավ Սաֆար Աբիևի անօրինական քայլերն ու ապօրինի ճանապարհով հունգարական բանկերում կուտակած գումարների մասին Ադրբեջանի ՊՆ կադրային կտրուկ փոփոխությունների ներքո։
Ջաֆարլին նաև նշել է, որ կադրային փոփոխություններն իրականում միտված են ոչ թե բարեփոխմանը, այլ արդյունք են զինվորականների ու գեներալների երկու տարբեր խմբերի ներքին պայքարի, երբ դեռևս հաղթողի դերում է ներկայիս նախարար Զաքիր Հասանովին սատարող խումբը։

Ինչպես տեսնում ենք, ռազմական փորձագետը դրական չի գնահատում կադրային ենթադրելի փոփոխությունները, որակավորում է դրանք նոր նախարարի՝ Սաֆար Աբիևին աջակցող զինվորականներից «ՊՆ-ն մաքրելու ձգտումներ»։
Հիշեցնենք, որ ինչպես Ջաֆարովը, այնպես էլ Ջաֆարլին հետապնդումների ու սպառնալիքների է ենթարկվել իշխանությունների ու Սաֆար Աբիևի համախոհների կողմից ԶՈւ վերաբերյալ սուր քննադատությունների պատճառով։ Այս պարագայում երկու փորձագետների ճակատագիրը, կարելի է ասել, չի տարբերվում:
Այնուհանդերձ, ներկա պատկերն այլ է. ի հակադրություն Ուզեիր Ջաֆարովի ներկայիս մեկնաբանությունների առանցքային մտքի «Սաֆար Աբիևը հեռացավ, պետք է նայել առաջ, աջակցել նոր նախարարին», Յաշար Ջաֆարլին կոչ է անում. «Սաֆար Աբիևը հեռացավ, սակայն խնդիրները նույնն են, կադրային փոփոխություններն էլ միտված չեն բարեփոխման»։

Նկատենք, որ Ջաֆարովը ներկա դրությամբ խուսափում է Աբիևի մասին խոսել, իսկ նոր նախարարի աշխատանքի վերաբերյալ կոշտ որակավորումներ չի տալիս։ Ավելին, թվարկում է բարձրաստիճան զինվորականների, որոնք ըստ իրեն հեռացվել են, ապա փորձում հիմնավորել պաշտոնանկությունները զինվորականների կոռուպացված կամ «Արցախյան պատերազմում ձախողակ լինելով»։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Ջաֆարովը ամեն կերպ փորձում է արդարացնել նոր նախարարի քայլերը։
Յաշար Ջաֆարլին իր հերթին նամակով փաստում է, որ որդեգրած քաղաքականությունից հետ չի կանգնում, շարունակում է պնդել Սաֆար Աբիևին պատասխանատվության ենթարկել, պաշտոնանկությունները, ի տարբերություն իր գործընկերոջ, մեկնաբանում է որպես «մի խումբ զինվորականների վրեժ մյուսների նկատմամբ, ինչը բարեփոխման չի հանգեցնելու»։

Հավանաբար, Ուզեիր Ջաֆարովն ունի իր անձնական նկրտումները։ Նա, ըստ երևույթին, աջակցություն է վայելում ՊՆ նոր կազմում՝ ի դեմս բարձրաստիճան, նորանշանակ զինվորականների, ինչը հանգեցրել է վերջինիս դիրքորոշման փոփոխությանը։ Ասվածի վկայությունն օրերս շրջանառվող լուրերն են, որ Ջաֆարովին պատրաստվում են պաշտոն առաջարկել ՊՆ-ում։ Փորձագետը չի հերքել այս լուրը՝ հավելելով՝ ինքը դեռ մտածում է այդ ուղղությամբ, եթե ՊՆ նոր կազմի որակավորումները գոհացնեն իրեն, սիրով կաշխատի։
«Ես կարող եմ բարձրացնել համագործակցության մակարդակը լրատվամիջոցների ու ՊՆ-ի միջև»,-շեշտել է Ջաֆարովը՝ հավանաբար ակնարկելով ՊՆ մամուլի ծառայության ղեկավարի՝ շուտով թափուր տեղի մասին։ Էլդար Սաբիրօղլուն, ինչպես ինքն էր վկայել, պատրաստվում է հրաժարական տալ։

Այսպիսով, տևական ժամանակ նույն գաղափարներին հակված, ՊՆ-ին ու ԶՈւ-ին քննադատող, դաշտում ակտիվ ռազմական փորձագետներից մեկն ընտրել է թերևս մեղմ ձևակերպումների ու զգուշավոր ելույթների ուղին՝ հույս ունենալով զինվորականի գործունեություն ծառայել, իսկ մյուսը հավատարիմ է իր կողմից վաղուց նախանշած ուղուն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *