Ադրբեջանի ՊՆ-ն փորձում է արդարացնել Աբիևի՝ ընտրությունների մասին ասված խոսքերը

ԱՄՆ դեսպանատուն-Ադրբեջանի ՊՆ «մամուլի հաղորդագրությունների պատերազմը» շարունակվում է։ Ադրբեջանի ՊՆ-ն այս անգամ վկայում է, որ Սաֆար Աբիևը որպես քաղաքացի է ելույթ ունեցել։

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիև

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիև

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն հայտարարել է. «Պաշտպանության նախարարի պաշտոնը պետական պաշտոն է։ Սակայն Ռիչարդ Մորնինգսթարի հետ հանդիպման ժամանակ Սաֆար Աբիևն արտահայտել է իր քաղաքացիական դիրքորոշումը, ոչ թե պետական։ Ի՞նչ դատապարտելի բան կա դրանում»։

Փաստորեն, այսօրվա հաղորդագրության մեջ Ադրբեջանի ՊՆ-ն չի կրկնել հանդիպման ձայնագրությունը հասարակության սեփականությունը դարձնելու իր սպառնալիքը։ Կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը հետ է կանգնել կոշտ ձևակերպումներից, քանի որ երկրի հարաբերություններն ԱՄՆ-ի հետ առանց այն էլ սրված են՝ կապված հոկտեմբերի 6-ին կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ Արևմուտքի դիտորդների բացասական գնահատականի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևի արձագանքի հետ։

Ավելին, հաղորդագրությունը թերևս միտում ունի արդարացնել այն հանգամանքը, որ պաշտպանության նախարարը խոսել էր ներքաղաքական իրավիճակից ու ընտրություններից՝ զբաղեցնելով նման պաշտոն։ Այն կարծես պատասխան է տալիս Ադրբեջանում վերջին օրերին գլուխ բարձրացրած դժգոհություններին, թե ինչու է ռազմական ոլորտում գործունեություն ծավալող նախարարը խառնվում ներքաղաքական իրավիճակին ու կանխակալ տեսակետ հայտնում։

Այնուհանդերձ, եթե ընդունենք, որ ԱՄՆ դեսպանի հետ հանդիպման ժամանակ Սաֆար Աբիևը որպես քաղաքացիական անձ էր իր սեփական տեսակետը հայտնել, ապա ինչու էր այդ տեսակետն արտացոլվել ՊՆ մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրության տեքստում, որտեղ Աբիևը բնավ քաղաքացիական անձ չի ներկայանում։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հոկտեմբերի 14-ին ընդունել էր Ադրբեջանում ԱՄՆ արտակարգ ու լիազոր դեսպան Ռիչարդ Մորնինգսթարին։

Հանդիպման ընթացքում խոսք էր գնացել Ադրբեջանում նախագահական ընտրությունների վերաբերյալ։ Սաֆար Աբիևը դժգոհել է թե´ ԱՄՆ-ի, թե´ ԵԱՀԿ արձագանքից։

Ըստ Ադրբեջանի ՊՆ մամուլի հաղորդագրության՝ «ԱՄՆ դեսպանը համաձայնել էր Սաֆար Աբիևի հետ՝ վկայելով՝ «ընտրություններն արդեն անցյալում են, ԱՄՆ-ի քննադատությունը չի ազդում դրանց արդյունքների վրա, և հաղթել է Իլհամ Ալիևը»։

Ընդ որում, ադրբեջանական քիչ թե շատ ընդդիմադիր կեցվածք ունեցող լրատվակայքերն այնուհանդերձ շեշտել էին՝ ԱՄՆ դեսպանը զրույցի ընթացքում այդպես էլ դրական խոսքեր չի ասել ընտրությունների վերաբերյալ, ուղիղ խոսքով չի հայտնել իր անհամաձայնությունը դիտորդական առաքելությունների գնահատականների հետ։

Հոկտեմբերի 15-ին Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունն արձագանքել էր Ադրբեջանի ՊՆ մամուլի հաղորդագրությանը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը Սաֆար Աբիևի ու ԱՄՆ դեսպանի հանդիպման վերաբերյալ անձնական բնույթի էր։ Հանդիպումը կառուցողական էր, սակայն դեսպանին վերագրվող խոսքերը ստույգ չեն»,-ասված էր ԱՄՆ դեսպանության հաղորդագրությունում։

Ադրբեջանի ՊՆ-ից հերթական պատասխանն էր եկել. «Մենք հրապարակել ենք դեսպանի խոսքերն այնպես, ինչպես ասվել է։ Եթե ԱՄՆ դեսպանատունը շարունակի պնդել իր դիրքորոշումը, Ադրբեջանի ՊՆ-ն պատրաստ է հանդիպմանը դեսպանի ձայնագրությունը տրամադրել»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *