Ինջիղուլյանի ուղարկած նամակներից որևէ ակնկալիք ունենալ պետք չէ. Լարիսա Ալավերդյանը

ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի աշխատակիցներն օրերս հանդիպել էին ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հետ, որից հետո նամակ է փոխանցվել Հակոբի ընտանիքին: Ռազմինֆոն զրուցեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ:

Մեկնաբանելով նամակի ստացումը` Լարիսա Ալավերդյանը նշեց, որ այս ամենի մեջ մեկ դրական կողմ կա:

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյան

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյան

«Եթե նամակ են բերում, ուրեմն ողջ է: Բուն էությունը ձևական է, ուղղորդված: Ժնևյան կոնվենցիայում էլ է գրված, որ նամակի բովանդակությունը պետք է վերաբերի առողջական վիճակին, ծայրահեղ ծանր վիճակի մասին ոչ ոք չի էլ գրի: Նամակից որևէ ակնկալիք ունենալ դեռևս չի կարելի»,- նշում է Ալավերդյանը:

Լարիսա Ալավերդյանը նշեց նաև, որ նամակն ամեն դեպքում սպասելի էր, քանի որ ԿԽՄԿ-ի պարտականությունն է ամիսը մեկ անգամ այցելել ռազմագերուն, համոզվել, որ նա այնտեղ է, առողջական վիճակը նորմալ է և նամակ գրելու հնարավորություն տալ:

«Լավագույնը, որ կարող է լինել, օր առաջ Հակոբը հայտնվի երրորդ երկրում: Դա նշանակում է, որ քաղաքացին ազատ է իր ընտրությունում: Այս պահին հուշող որևէ հանգամանք չեմ տեսնում, որ ենթադրենք, թե հաջորդ քայլն ինչ է լինելու»,-բացատրում է Ալավերդյանը:

Ռազմինֆոյի այն հարցին, թե հնարավոր է արդյոք Հակոբին երրորդ երկրից Հայաստան վերադարձնել, Ալավերդյանը նշեց.

«Երրորդ երկրում ինքն ազատ է` որոշակի կարգավիճակով: Նախկինում եղած դեպքերում երրորդ երկիր գնացած ռազմագերին պահում է կապը ընտանիքի հետ, բայց մենք վերադարձի արձանագրված օրինակներ չունենք»,- ներկայացրեց Լարիսա Ալավերդյանը:

Խոսելով նաև Հակոբին պարտադրած «հարցազրույցի» մասին, որը միանգամից արտատպվեց հայկական մամուլում, դրանով Հակոբի վրա հոգեբանական ճնշումներ գործադրելու մասին, մասնագետը նշեց, որ լրագրողների նոր սերունդը նյութեր հրապարակելիս չի էլ ծանոթանում Ժնևյան կոնվենցիային:

«Տարիներ շարունակ միշտ կոչ ենք անում , որ լրագրողները շատ նրբանկատ լինեն այսպիսի հարցերում: Ինձ վրա են այդ «պիտակավորումներն» ազդում, ուր մնաց Հակոբի վրա չազդի»,- հավաստիացնում է մասնագետը:

Լարիսա Ալավերդյանն անդրադարձավ նաև Ադրբեջանի վարած քաղաքականությանը, նշելով, որ նրանց մտադրությունը քաղաքական սկանդալն է:

«Պետք է հասկանանք, թե ում հետ գործ ունենք: Անդրբեջանից ի՞նչ ենք սպասում: Մենք փոփոխություն չենք տեսնում: Հեյդար Ալիևի ժամանակ քաղաքականությունը բազմաշերտ էր, խրախուսվում էին Հայաստանի, Արդբեջանի և Վրաստանի կամ ինչ-որ տեղ Թուրքիայի հասարակական կազմակերպությունների համագործակցությունները: Իլհամ Ալիևի ժամանակ սկսվեցին հետապնդումներ նրանց նկատմամբ, նա մերժեց բոլոր փորձերը, որոնք կային հոր ժամանակ: Հասկանո՞ւմ եք, Հեյդար Ալիևի ժամանակ մենք կարողանում էին բանակցություններով մարդկային կյանքեր փրկել, նրա քաղաքականությունն այդ առումով այսքան կոշտ չէր»,- մեկնաբանում է Ալավերդյանը:

Մասնագետը համոզված է, որ խորքային իմացության խնդիր կա, թե ինչ քաղաքականության հետ գործ ունենք, ինչպես են նրանք իրենց պահում:

«Դասեր պետք է քաղեն և՛ հասարակությունը, և՛ լրատվամիջոցները»,- եզրափակեց մասնագետը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *