Թուրքիայում հոկտեմբերի 11-ին կայացել է երկրի զինված ուժերի համար նախատեսված նոր ուղղաթիռի նախագծի հանձնաժողովի անդրանիկ նիստը, որով էլ մեկնարկել են թուրքական առաջին թեթև ուղևորատար ինքնաթիռի ստեղծման աշխատանքները։ Թուրքական ուղևորատար ուղղաթիռի նախագծի վերաբերյալ նախնական համաձայնություն էր ձեռք բերվել 2013 թվականի հունիսի 26-ին։
Ծրագրով զբաղվում է թուրքական TAI ընկերությունը Թուրքիայի ռազմարդյունաբերական քարտուղարության հսկողությամբ։ Երկու կողմերի մասնակցությամբ սեպտեմբերի 6-ին կայացած հանդիպման ժամանակ քննարկվել էր ուղղաթիռը ստեղծելու ժամանակացույցը։
Ըստ ժամանակացույցի՝ նախագծի կյանքի կոչումից 5 տարի անց ուղղաթիռը պետք է կատարի առաջին փորձնական թռիչքը, 6.5 տարի անց ստանա Եվրոպայի ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) հավաստագիր, իսկ 7.5 տարի անց ստանա հատուկ ռազմական որակավորում, որը թույլ կտա այն ընդգրկել թուրքական բանակում:
Այսպիսով, նախագծի հեղինակները ցանկանում են մինչ 2020 թվականը Թուրքիայի զինված ուժերին հանձնել թուրքական արտադրության առաջին ուղևորատար ուղղաթիռը։
Իսկ ահա հոկտեմբերի 11-ին կայացել է «սեփական ուղղաթիռի ծրագրի» մասնակիցների անդրանիկ նիստը, որով էլ տրվել է նախագծի իրականացման մեկնարկը։
Թուրքիայի ռազմարդյունաբերական քարտուղարության պահանջներով՝ նոր թեթև ուղևորատար ուղղաթիռը պետք է կշռի 5 տոննա, տեղավորի անձնակազմի 3 անդամի և 9 ուղևորի։ Սպասվում է, որ ուղղաթիռը կարող է ընդգրկվել ոչ միայն Թուրքիայի զինված ուժերում, այլ նաև բավարարի ոստիկանության և առողջապահության նախարարության պահանջները։
Ուղղաթիռի անվանումը դեռ հայտնի չէ։ Պաշտոնապես չի նշվում նաև նախագծի արժեքը։
Ռազմինֆոն թեմայի վերաբերյալ մեկնաբանություն վերցրեց թուրքագետ Գևորգ Պետրոսյանից։ Այն հարցին, թե որքանով է իրատեսական այս նախագծի կյանքի կոչումը և ինչ կտա այն Թուրքիային, Պետրոսյանը նշեց.
«Թուրքիան վերջին տարիներին լրջագույն ուշադրություն է դարձնում երկրում ռազմաարդյունաբերության զարգացմանը։ Թուրքերը նպատակ են դրել մինչ 2023 թվականը, երբ լրանում է հանրապետության հիմնադրման 100 տարին, ունենալ տեղական արտադրության հիմնական մարտական տանկ, կործանիչ, ուղղաթիռներ, ռազմանավեր և այլն։ Ռազմարդյունաբերության զարգացմամբ թուրքերը փորձում են նախ տեղում բավարարել երկրի զինված ուժերի կարիքները, ապա նաև դուրս գալ միջազգային շուկա ու փորձել հաստատվել զենքի միջազգային շուկայում։
Փաստորեն, Թուրքիան, որը գրեթե ավարտին է մոտեցրել հարվածային ուղղաթիռի՝ T-129 ATAK-ի ստեղծման աշխատանքները, արդեն սկսում է աշխատել նաև ուղևորատար ուղղաթիռ ստեղծելու մասին, ինչը խիստ կարևոր է։
Իհարկե, դեռ վաղ է ծրագրի սաղմնային փուլում կանխատեսումներ անել, թե ինչպիսին կստացվի առաջին թուրքական ուղևորատար ուղղաթիռը, արդյոք այն ընդհանրապես կստացվի, քանի որ ռազմական ոլորտում նման ծրագրերի իրականացումը հաճախ բախվում են բարդությունների, զգալի ուշացումների և այլն, սակայն այս գաղափարը հաջողությամբ կյանքի կոչելու դեպքում Թուրքիան մեկ հաստատուն քայլ առաջ կարող է անել ռազմական արդյունաբերության ոլորտում և հնարավորություն ստանալ դուրս գալ միջազգային շուկա»,-նշեց Գևորգ Պետրոսյանը։
Թուրքագետը նաև հավելեց, որ տեղական արտադրության ուղևորատար ուղղաթիռներով Թուրքիան, ըստ ամենայնի, ցանկանում է փոխարինել ներկայում շահագործվող և արդեն հնացող ամերիկյան UH-1H Iroquois ուղղաթիռները։
Pingback: 2013-ին Թուրքիայի 6 կարևորագույն ռազմական իրադարձությունները (տեսանյութ) | Թուրքագիտական պորտալ