Սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի նախկին ու ապագա զինծառայողները

2013-ի օգոստոսի 24-25-ը «Զորակն» գիտակրթական երիտասարդական հիմնադրամի ներկայացուցիչներն այցելել էին Տավուշի մարզի սահմանամերձ-սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուր գյուղը՝ տեղի դպրոցի աշակերտների համար կինոդիտում ու կրթական ծրագրեր անցկացնելու նպատակով։

Ներքին Կարմիրաղբյուր

Ներքին Կարմիրաղբյուր

Ֆիլմը դիտելու էր եկել նաև լուրջ, նույնիսկ փոքր-ինչ խիստ հայացքով համեստ մի երիտասարդ: Պարզվեց՝ նա Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ է: Սկզբում կտրականապես հրաժարվում էր մեզ հետ զրուցել՝ ասելով՝ ապագա զինվորական է, շատ բան չի ուզում ասել: Արդյունքում համաձայնեց մի քանի հարցի պատասխանել:

Ավագյան Նարեկը ծնվել է Ներքին Կարմիրաղբյուրում։ Հայրն աշխատում է գյուղում, մայրը տնային տնտեսուհի է: Քույրն ամուսնացած է, չի աշխատում, իսկ եղբայրը գյուղի միջնակարգ դպրոցում է սովորում:

Ռազմական բնագավառում ուսանելու և գործունեություն ծավալելու որոշումը կայացրել ես ինքնուրու՞յն, թե՞ հարազատների խորհրդով:

—Ինքնուրույն եմ կայացրել, փոքրուց սիրել եմ ռազմական գործը:

Նպատակդ ո՞րն է:

—Դե որ սովորեմ, ավարտեմ, դառնամ սպա, գամ գյուղ ու պաշտպանեմ մեր սահմանը:

Բոլորս ենք հիշում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Սիփան Մովսիսյանի մահվան տխուր դեպքը: Իրականում ինչպիսի՞ մթնոլորտ է տիրում ինստիտուտում, կուրսանտների միջև հարաբերություններն ինչպիսի՞ն են:

—Դեպքի համար շատ եմ ցավում, բայց դա չի նշանակում, որ համատարած այդպես է: Եթե կան մարդիկ, նման ձևով են մտածում, ուրեմն չափազանցնում են: Հա՛, կան խնդիրներ, բայց սուր չեն: Կուրսանտները միմյանց հետ լավ հարաբերություններ ունեն:

Ի՞նչ առարկաներ եք անցնում:

—Շատ բան չեմ ուզում ասել, կնշեմ՝ կրակային պատրաստություն, մարտավարություն, ռազմաինժեներական դասեր, կապի միջոցների մասին կուրսեր: Ուշադրություն են դարձնում նաև օտար լեզուներին:

Ո՞ր ստորաբաժանման զինծառայող ես քեզ տեսնում ապագայում:

—Մոտոհրաձգային:

Ի՞նչ է անհրաժեշտ փոխել զինված ուժերում:

—Կուզենայի աշխատավարձերը բարձրացվեին, բայց շատ բան հենց մեզնից է գալիս, մեր մտածելակերպից, խնդիրները հաճախ դրանում են:

Վախի մթնոլորտ կա՞ գյուղում:

—Սահմանամերձ ենք, կրակում են, սուտ կլինի ասել՝ ոչ ոք չի վախենում, բայց արդեն սովոր ենք, դիմակայում ենք:

Գյուղում շա՞տ են պայմանագրային զինծառայողները:

—Այո՛, մինչև 40 տարեկան տղամարդիկ են:

Գյուղում ի՞նչ խնդիրներ ես տեսնում:

—Ցանքատարածությունները թշնամու կրակի տակ են, գրեթե անհնար է մշակելը: Դա դժվարեցնում է կյանքը:

Ադրբեջանի բանակի մասին ի՞նչ պատկերացում ունես:

—Կարծում եմ՝ լավ են զինված, բայց ոգի չունեն, մենք ոգի ունենք, հաղթելու ենք:

Պատերազմը մո՞տ է:

—Չէ, երևի չէ, մոտ ապագայում չի լինի, կշարունակվի սահմանային կրակոցների տեսքով:

Ի՞նչ կմաղթես քո հասակակիցներին:

—Պատերազմի մեջ երկիր ենք, ֆիզիկապես պետք է լավ պատրաստված լինենք, առողջ լինենք, ամուր, զենք գործածել իմանանք:

 

Ներքին Կարմիրաղբյուր

Մեզ հաջողվեց զրուցել նաև 1993-ի փետվարի 1-ից-1996-ի նոյեմբերը ծառայած, նախկին պայմանագրային  զինծառայող Հայկազ Վարդանյանի հետ: Նա արմատներով Արցախից է:

Ո՞րն էր գյուղի համար ամենածանր օրն Արցախյան պատերազմի տարիներին:

— Ամենածանր օրը 1992-ի դեկտեմբերի 29-ի 30-ի գիշերն էր. թշնամին մտել էր գյուղ, մի բարձունք գրավել: Բարձունքը կարևոր էր, քանի որ բոլոր գյուղերի վրա էր խոյանում, հսկում էր: 12 օր մնաց իրենց տրամադրության տակ: Հունվարի 13-ին հորեղբորս տղան, որ Կիրովականի զորամասում էր ծառայում, հանկարծակի 3 հատ ԲՄՊ-ով եկավ, հարձակում կազմակերպեցին ու մի օրում հետ բերեցին բարձունքը: Շատ հիշվող ու նշանակալից հաղթանակ էր: Պատմում էին, որ թուրքերը փախչում էին: Մենք, Պառավաքարը, Մովսեսը, Այգեպարը փրկվեցինք այդ բարձունքի շնորհիվ:

Հիմա մեր դիրքերն ապահո՞վ են:

—Ներկա պահին մեր դիրքերը նպաստավոր են, երկու բարձունք ունենք, դրանցով հսկում ենք ադրբեջանական սահմանակից գյուղերը:

Ձեզ վրա վերջին անգամ ե՞րբ են կրակել:

—Երբեմն կրակում են, երբ գնում եմ հող մշակելու:

Ինչու՞:

—Մեր հողերի մի մասը չեզոք գոտում է, այնտեղ կրակում են: Բայց ես միևնույն է՝ գնում եմ, մշակում եմ, բերք եմ ստանում:

Սահմանին կանգնած չէ՞իք կարոտում հարազատներին:

—Հետաքրքիր բան ասեմ. երբ զինվորը սահմանագծում է՝ դիրքերում՝ զենքը ձեռքին, ինքը շատ հանգիստ է, գիտի՝ թշնամին ինչ շարժ ունի, ինչ է անում, գիտի, որ եթե հանկարծ մի քայլ առաջ գա, պատասխան է ստանալու: Իսկ երբ զինվորը տանն է, շատ անհագիստ է, ուշքումիտքը սահմանն է, մտածում է՝ ինչ է անում թշնամին, ինչով կարող է ծառայակիցներին օգնել այդ պահին: Այնպես որ, ավելի լավ է՝ զինվորը սահմանին լինի (ժպտում է):

Զրույցի ավարտին նախկին զինծառայող Վարդանյանը շեշտեց՝ հետևում է բանակի մասին լուրերին, գիտի, որ վերջին օրերին սահմանին վիրավորներ ունենք, մտահոգվում է տղաների համար, բայց խորհուրդ է տալիս չընկճվել, որովհետև ինքը համոզված է՝ ցանկացած հայ գյուղի կամ քաղաքի բնակիչ թե´ զինվորի կողքին է, թե´ զինվորի թիկունքին…

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *