Հարազատների պնդմամբ՝ զինվորը մահացել է ջրծաղիկից. հարուցվել է քրգործ

Մի շարք կայքեր՝  news.am-ը, lragir.am-ը, hetq.am-ը, 1in.am-ը հրապարակել են նամակ, որտեղ պատմվում է զինծառայության մեջ գտնվող Հայկ Խաչատրյանի՝ ջրծաղիկից մահվան մասին: Նամակի հեղինակը մահացած զինծառայողի տատիկ՝ Աիդա Ավագյանն է: Նամակում մասնավորապես ասվում է.

«2011 թվականի հունիսի 1-ին թոռս` Հայկ Մովսեսի Խաչատրյանը, զորակոչվեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության բանակ: Նա մեծ ոգևորությամբ էր լցված, և հենց ինքն էլ իր ծննդյան օրը վերցրեց ուղեգիրը: Ծառայության 6 ամիսների ընթացքում Հայկն արժանացել է բանակի գերազանցիկի կոչման: Որոշ ժամանակ անց հայրը տեղեկանում է, որ Հայկը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ՝ «դիմային նյարդի բորբոքում» ախտորոշմամբ:

2011 թվականի դեկտեմբերի 28-ին որդուն հերթական այցելության ժամանակ նա գտնում է Հայկին հիվանդանոցի սենյակներից մեկում` լքված ու մենակ: Հոր հարցին, թե տղան այդ օրը ինչ-որ բան կերե՞լ է, Հայկը պատասխանում է` միայն թեյ, որը նրան տվել է հարևան զինվորներից մեկը:

Դեկտեմբերի 29-ին, առավոտյան ժամը 5-ին, Հայկի մոտ որովայնի շրջանում սկսվել են ուժեղ ցավեր, այդ թվում` նաև էպիլեպսիկ երևույթներ, նա երբեմն ընկել է ցնցումների մեջ: Բժիշկներն ասել են, որ նրա մոտ կա կույր աղիքի բորբոքում, և որ նա պետք է մնա իրենց հսկողության տակ, որպեսզի անհրաժեշտության դեպքում վիրահատվի: Նաև հարցրել են՝ երեխան արդյոք հիվանդ չէ՞ էպիլեպսիայով:

Սակայն այդ ժամանակ արդեն հայտնի է եղել, որ Հայկի մոտ կա նաև ջրծաղիկի վարակ: Նրան ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխելու հոր հորդորները մերժվել են այն պատճառաբանությամբ, որ նախ` պետք է լուծել կույր աղիքի խնդիրը, այնուհետև զբաղվել ջրծաղիկի բուժմամբ:

Այնուամենայնիվ, հոր շարունակվող հորդորներից, սպառնալիքներից հետո առավոտյան հրավիրված բժշկական խորհրդակցության արդյունքում թոռս տեղափոխվել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ հետազոտությունից հետո պարզվել է, որ նա հիվանդ է ջրծաղիկով, ընդ որում` ծայրահեղ բարդ վիճակով: Բժիշկն ասել է, որ նրա մոտ արդեն ախտահարված էին համարյա բոլոր ներքին օրգանները, այդ թվում` նաև ուղեղը, և նրա կյանքը փրկելու հույս գրեթե չկար: Արդեն պարզ է դառնում որովայնի շրջանում ցավերի և վերջին օրերի էպիլեպսիկ երևույթների իրական պատճառը: Որդու հետ խոսակցությունների ժամանակ հայրը պարզել է, որ զորամասում Հայկի՝ առողջական վիճակից բողոքներին ի պատասխան` նրան մեղադրել են «սիմուլյանտության» մեջ և ստիպել են վազել 10 կիլոմետր:

Դեկտեմբերի 30-ին, ժամը 23:40-ին, Հայկը մահացել է՝ թողնելով անպատասխան հարցերի մի շարան: Ո՞վ է պատասխանատու ևս մեկ հայ զինվորի մահվան համար: Ո՞վ է պատասխանատու ևս մեկ հայ ընտանիքի խեղված ճակատագրի համար: Ի՞նչն է պատճառը, որ 21-րդ դարում ջրծաղիկը դարձավ 18-ամյա զինվորի մահվան պատճառ: Բժշկի, հրամանատարի անհոգատարությու՞նը: Բժշկի անգրագիտությո՞ւնը»:

Դեպքի առնչությամբ Razm.info-ն փորձեց զրուցել ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Արտաշես Փարսադամյանի հետ, սակայն նա այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդմամբ՝ նման դեպք իսկապես գրանցվել է և փաստի առթիվ ՊՆ Քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 376 հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ, որն առաջացրել է ծանր հետևանքներ):

One response to “Հարազատների պնդմամբ՝ զինվորը մահացել է ջրծաղիկից. հարուցվել է քրգործ

  1. Pingback: Օրվա ամփոփում. «Զինվորի՝ ջրծաղիկից մահն անխուսափելի էր»: «Իրանը կհարվածի Ադրբեջանին, եթե…» | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *