Այսօր կառավարության շենքի առջև Ռազմական ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանը պատասխանել է ոչ մարտական պայմաններում բանակում սպանված սպա Արտակ Նազարյանի քրոջ՝ Ծովինար Նազարյանի հարցերին: Այն դիտարկմանը, որ եղբոր մահվանից հետո նրա ծառայակիցները 10 օր շարունակ պահվել են ՌՈ-ում՝ Գասպարյանը նշել է, որ իսկապես նման բան եղել է:
-ՌՈ-ում մենք պահում ենք բոլոր նրանց, ովքեր կարող են այլ ազդեցություն ունենալ,- ասել է ՌՈ նախկին պետը: -Դա ոչ թե չար, վատ նպատակով, այլ ճշմարտությունն իմանալու նպատակով է արվում: Ոչ մեկ արյունը չի լափի, այդ արյուն լափողի զավակը պիտի լափի դա:
-Բա ինչի՞ չեն լափում,- Ծովինար Նազարյան:
-Լափելու են, եթե կան սրիկաներ՝ լափելու են,- Վլադիմիր Գասպարյան:
-Պաթետիկ խոսքերով չէ է, պարոն Գասպարյան, ինչի՞ պիտի վկան պահվի ՌՈ-ում,- Ծովինար Նազարյան:
-Եթե քննիչը որոշում է կայացնում՝ ՌՈ-ն պարտավոր է դա անել,- Վլադիմիր Գասպարյան:
Ծովինար Նազարյանի և Վլադիմիր Գասպարյանի խոսակցությունից անմասն չմնացին նաև ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների հարազատները, ովքեր, իրենց ձևակերպմամբ, բողոքում էին քննության կողմնակալ ընթացքից և իրական մեղավորների ազատության մեջ գտնվելուց:
Ներկաներից մեկն էլ նշեց, որ զինվորների սպանությունները հենց քննիչների ձեռքով են կոծկվում: Իսկ մեկ ուրիշը Վլադիմիր Գասպարյանին ասաց, որ արդեն երրորդ նամակն է ուղարկում նրան, բայց այդպես էլ պատասխան չի ստանում: ՌՈ նախկին պետ, ներկա ոստիկանապետը քաղաքացուն առաջարկեց իր հետ գնալ աշխատասենյակ և քննարկել հարցը: Ծովինար Նազարյանի այն դիտարկմանը, որ Գասպարյանն այժմ այլևս բանակի պատասխանատուներից չէ՝ ոստիկանապետը պատասխանեց.
-Ես այս մարդկանց ճանաչում եմ երկար տարիներ, ես բանակի ակունքներում եմ կանգնած, ես բանակի անբաժանելի մասն եմ: Նշանակություն չունի, թե որտեղ ես կարամ մի բան անեմ, ես պետքա անեմ:
Նշենք, որ ոչ մարտական պայմաններում բանակում մահացածների հարազատները հաճախ են լինում կառավարության շենքի մոտ՝ պահանջելով դատավարության արդարացի ընթացք և իրենց զավակների սպանությունների բացահայտում:
Իսկ դեկտեմբերի 30-ին ջրծաղիկից մահացած զինծառայողի մահվան մասին, կառավարության նիստից հետո, պաշտպանության նախարարը չի ցանկացել խոսել լրագրողների հետ և հեռացել է: