Սիրիական կողմից արձակված կրակից 3 թուրք զինծառայող է վիրավորվել

Հուլիսի 19-ին Թուրքիայի և Սիրիայի միջև սահմանին արձանագրված փոխհրաձգության ժամանակ երեք թուրք զինծառայող է վիրավորվել։ Փոխհրաձգության դեպքն արձանագրվել է Թուրքիայի Հաթայ (Ալեքսանդրեթ) նահանգի Ալթընսյոզու շրջանի սահմանային հատվածում։

Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

թուրք-սիրիական սահման

Ըստ աղբյուրի՝ սիրիական կողմից արձակված կրակի հետևանքով վիրավորվել են Թուրքիայի զինված ուժերի մեկ ավագ սերժանտ ու երկու շարքային զինծառայող։

Թուրք զինծառայողները ստացել են ոչ լուրջ վնասվածքներ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

«Անադոլուն» նշում է, որ կրակ արձակողները, ըստ ամենայնի, մաքսանենգներ են եղել։ Նրանց ուղղությամբ թուրքական ուժերը պատասխան կրակ են բացել, սակայն սիրիական կողմից տուժածների վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում։

Նշենք, որ վերջին շրջանում թուրք-սիրիական սահմանին հաճախակի են դարձել փոխհրաձգությունները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *