Թուրք-սիրիական սահմանին՝ կրկին փոխհրաձգություն

Թուրքիայի և Սիրիայի սահմանին հերթական փոխհրաձգության դեպքն է գրանցվել։ Միջադեպն արձանագրվել է Թուրքիայի Ուրֆա նահանգի Ջեյլանփընար շրջանի և Սիրիայի Ռեսուլայն շրջանի միջև սահմանային հատվածում։

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի տարածած հաղորդագրության համաձայն՝ հուլիսի 16-ին և 17-ին սիրիական հատվածում մարտեր են ընթացել «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) սիրիական ճյուղի և ապստամբների միջև։ Այս ընթացքում սիրիական կողմից անհայտ անձինք կրակ են արձակել նաև Թուրքիայի ուղղությամբ, ինչին ի պատասխան թուրք սահմանապահները նույնպես կրակ են բացել։

Ջեյլանփընար-Ռեսուլայն

Ջեյլանփընար-Ռեսուլայն

Թուրքական «Իհլաս» գործակալությունը նշում է, թե միջադեպից հետո օդ են բարձրացվել նաև Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանիչները։

Ըստ նույն աղբյուրի՝ հուլիսի 17-ի առավոտյան սիրիական կողմից արձակված կրակից վիրավորվել է Թուրքիայի քաղաքացի։

Պաշտոնական Դամասկոսը դեռ չի արձագանքել այս միջադեպին։ Սիրիական կողմի հնարավոր կորուստների վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում։

Նշենք, որ Սիրիայում երկու տարուց ավել շարունակվող քաղաքացիական պատերազմի ընթացքում պաշտոնական Անկարան աջակցություն է ցուցաբերում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդներին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *