Փարիզի ավիացուցահանդեսի ամենաուշագրավ ռազմական մասնակիցները (ֆոտո, վիդեո)

Փարիզի ավիացուցահանդեսը, որը խոշորագույնն է աշխարհում, ավարտեց իր հոբելյանական հիսուներորդ ցուցադրությունը։

«Լը Բուրժեի» օդանավակայանում անցկացվող և այդ անունը կրող ավիացուցահանդեսը, ինչպես և սպասվում էր, գրավել էր ոչ միայն ինքնաթիռներ և դրանց հետ կապված սարքեր ու տեխնոլոգիաներ արտադրող ընկերություններին, այլ նաև հազարավոր հետաքրքրված անձանց։

50-րդ ցուցադրությունը ոչ միայն հոբելյանական էր, այլ նաև հարուստ ռեկորդային պայմանագրերով։

Թեև խոշոր պայմանագրերի զգալի մասը վերաբերում էր քաղաքացիական ավիացիային, սակայն «Լը Բուրժեն» ուշադրության կենտրոնում էր նաև ռազմական ինքնաթիռներով և ուղղաթիռներով։

Ավիացուցահանդեսի ժամանակ ներկայացվին ինչպես ռազմական ավիացիայի նոր ցուցանմուշներ, այնպես էլ արդեն ներկայացված, սակայն այս ավիացուցահանդեսին դեռ չմասնակցած օրինակներ։

Ավիացուցահանդեսի ռազմական հատվածում հատկապես մեծ ուշադրության արժանացան Airbus A400 ինքնաթիռը, Սու-35 և Dassault Rafale կործանիչները, Eurocopter Tiger, Կա-52 ուղղաթիռները։

Այժմ կներկայացնենք այս ինքնաթիռների և ուղղաթիռների կարևոր տեխնիկական տվյալները, առանձնահատկություններն ու նրանց լուսանկարները։

Սու-35

Սու-35

Սու-35

Ռուսական «Սուխոյ» գործարանի պատրաստած կործանիչը  4++ սերնդի է։ Առաջին թռիչքը կատարել է 2007 թվականին, իսկ արտադրությունը սկսվել է 2011 թվականին։ Այն «Սու-27»-ի խորապես արդիականացված տարբերակն է։

Ռուսական կործանիչը կարող է զարգացնել մինչև 2400 կմ/ժ արագություն, թռիչքի հեռավորությունն է 4500 կմ։ Մարտական ծանրաբեռնվածությունը 8000 կգ է։ Այն կրում է «օդ-օդ», «օդ-երկիր» հրթիռներ, 30 մմ թնդանոթ։ Մեկ միավորի մոտավոր արժեքն է 40-65 մլն ամերիկյան դոլար:

 

A-400

A-400

 Airbus A400

A400-ը Airbus ընկերության նոր ռազմական-ուղևորատար ինքնաթիռն է։ Առաջին թռիչքը կատարել է 2009 թվականին։ Մեկ միավոր ինքնաթիռի մոտավոր արժեքն է 136 մլն եվրո։

Փարիզի ավիացուցահանդեսի ռազմական հատվածի ամենաուշագրավ նմուշներից էր։

Dassault Rafale

Dassault Rafale

Թեև ֆրանսիական արտադրության այս կործանիչը սպառազինության մեջ է 2001 թվականից, սակայն նրա արդիականացված տարբերակը մասնակցել է «Լը Բուրժեի» այս տարվա ցուցադրությանն ու ուշադրության կենտրոնում եղել։

Dassault ընկերության արտադրած կործանիչի մեկ միավորի արժեքը կազմում է 85-115 մլն եվրո՝ կախված բաղադրիչներից։ Առավելագույն արագությունը շուրջ 2150 կմ/ժ է։

Eurocopter Tiger H61

Eurocopter Tiger H61

Eurocopter Tiger H61

Eurocopter Tiger H61-ը Tiger շարքի նոր ներկայացուցիչներից է, որն էլ ներկայացվել է Փարիզի ավիացուցահանդեսում և մեծ ուշադրության արժանացել։

Արտադրողը ֆրանս-գերմանական Eurocopter կոնցերն է, որի առաջին Tiger-ը սպառազինության մեջ է մտել 2003 թվականին։

Tiger H61-ի մեկ միավորի մոտավոր արժեքը կազմում է շուրջ 39 մլն ամերիկյան դոլար։

Կա-52 Ալիգատոր

Կա-52 Ալիգատոր

Կա-52

Կա-52 «Ալիգատորը» հարվածային մարտական ուղղաթիռ է։ Այն Կա-50 «Սև շնաձուկ» («Черная акула») ուղղաթիռի կատարելագործված տարբերակն է։ Սերիական արտադրությունը սկսվել է 2008 թվականին։ Կա-52-երը ՌԴ զինված ուժերի սպառազինության մեջ են 2011 թվականից։

Փարիզի ցուցահանդեսի ժամանակ ռուսներին հաջողվել է Կա-52 վաճառքի պայմանագիր կնքել Իրաքի հետ։

Յակ-130 մարտական ինքնաթիռ

Յակ-130

Յակ-130

«Յակ-130»-ը «Լը Բուրժեի» ուշագրավ ինքնաթիռներից ևս մեկն է: Այն նախագծել է ռուսական «Իրկուտ» ընկերությունը:

Յակ-130 ինքնաթիռները թույլ են տալիս օդաչուներին սովորել հինգերորդ և 4++ սերնդի կործանիչներ վարել։ Թեև այն իր մարտական տվյալներով զիջում է կործանիչներին, սակայն զգալի մտաչելի արժեքը և ուսումնական նշանակությամբ կիրառությունն ինքնաթիռի դրական կողմերից են։

Մեկ Յակ-130-ի արժեքը կազմում է 15 մլն ամերիկյան դոլար։ Ուսումնամարտական ինքնաթիռի առաջին թռիչքը եղել է 1996 թվականին։

Յակ-130-ը կարող է օգտագործվել նաև որպես թեթև գրոհիչ ինքնաթիռ. այն կարող է կրել 23մմ թնդանոթների կոնտեյներներ, «օդ-օդ» և «օդ-մակերևույթ» տիպի հրթիռներ, ռումբեր։ Առավելագույն մարտական բեռնվածությունը 3000 կգ է։
Ի դեպ, տեղեկություններ կան, որ Հայաստանը նույնպես հետաքրքրված է Յակ-130 ինքնաթիռներով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *