Իրաքը ռուսական Կա-52 (Ка-52) ուղղաթիռների ձեռք բերման պայմանագիր է կնքել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ռոսօբորոնէքսպորտն» ու իրաքյան կողմը պայմանագիրը կնքել են Փարիզում ընթացող «Լը Բուրժե» ավիացուցահանդեսի շրջանակներում հունիսի 17-ին։
Գործարքը կայացել է 2012 թվականի հոկտեմբերին Մոսկվայի և Բաղդադի միջև ձեռք բերված համաձայնության շնորհիվ, որով իրաքյան կողմը ՌԴ-ից գնելու էր 4,3 մլրդ ամերիկյան դոլարի զինտեխնիկա։
Պայմանագրի մանրամասները չեն հրապարակվում։ Հայտնի չէ գործարքի գինը և Իրաքին վաճառվելիք Կա-52-երի քանակը։
Կա-52 «Ալիգատորը» հարվածային մարտական ուղղաթիռ է։ Այն «Սև շնաձուկ» («Черная акула») ուղղաթիռի կատարելագործված տարբերակն է։ Կա-52-երը ՌԴ զինված ուժերի սպառազինությունում են 2011 թվականից։