Ամերիկյան MD Helicopters ընկերությունն առաջարկել է Սալվադորին սկսել քաղաքացիական ու ռազմական բազմաթիրախային ուղղաթիռների սերիական արտադրություն։
Ըստ Սալվադորի նախագահական աղբյուրների և Infodefensa կայքի, եթե Սալվադորի իշխանությունները հաստատեն գործարքը, ապա MD Helicopters-ը երկրի տնտեսությունում 20 մլն դոլարի ներդրում կկատարի, տեխնոլոգիաներ կտրամադրի ու կմասնակցի արտադրամասի կառուցման աշխատանքներին։
Բացի այդ, MD Helicopters-ը ուղղաթիռների պահեստամասեր կտրամադրի Սալվադորին, կզբաղվի օդաչուների ու տեխնիկների վերապատրաստմամբ, նոր արտադրամասի հիմնումն էլ աշխատատեղեր կստեղծի։ Չի բացառվում, որ ամերիկյան արտադրության սալվադորյան ուղղաթիռներն արտահանվեն երրորդ երկրներ։
Նշենք, որ ներկայումս Սալվադորում գործում է դեռևս 1991-ին հիմնված, MD Helicopters-ի պաշտոնական ներկայացուցչությունը։ 2012-ի սեպտեմբերին ներկայացուցչությունը մասնակցել է ԱՄՆ-ի կողմից անվճար տրամադրված 3 միավոր MD500E ուղղաթիռների արդիականացման աշխատանքներին։