Բաքվում ժողովրդին ու լրագրողներին արգելել են դիտել զորահանդեսը

«Թուրան» լրատվական գործակալությունը և «Ենի Մուսավաթ» թերթը հայտնում են, որ այսօր՝ հունիսի 26-ին, բազմաթիվ քաղաքացիների, օտարերկրյա հյուրերի, նույնիսկ լրատվամիջոցների ներկայացուցիչների թույլ չեն տվել դիտել Բաքվի զորահանդեսը, մինչդեռ շատերը եկել էին իրենց երեխաների հետ։

Համաձայն այս աղբյուրների, ինչպես նաև ադրբեջանցի օգտատերերի սոցցանցային գրառումների՝ հասարակ քաղաքացիներից շատերը հիասթափված էին, քանի որ ոստիկանական ու անվտանգության ուժերը, հաճախ քաղաքացիական հագուստով, կոպիտ կերպով հրում էին հավաքվածներին՝ արգելելով մոտենալ անգամ առափնյա հատվածներին։

«Թուրան»-ի թղթակիցը փորձել է մոտենալ տրիբունաներին՝ լուսանկարելու նպատակով, սակայն ոստիկանը փողոցի մեջտեղում սկանդալ է սարքել՝ մեղադրելով լրագրողին հակապետական գործունեության մեջ ու սպառնալով ձերբակալությամբ։

Ըստ Բաքվի քաղաքացիների արտահայտած տեսակետների՝ զորահանդեսից ստացած ողջ տպավորությունն այն էր, որ ռազմական շքերթը կազմակերպված է ոչ թե հասարակ ժողովրդի, այլ վերնախավի համար։

Հիշեցնենք, որ այսօր՝ վաղ առավոտյան, Բաքվում կայացավ զինված ուժերի 95-ամյակի առթիվ կազմակերպած ռազմական շքերթը, որին ներկա են երկրի առաջին դեմքերն ու բարձրագույն ռազմական հրամանատարությունը, արտասահմանյան հյուրեր ու դիվանագետներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *