Սիրիայում կործանվել է Ռուսաստանի ԶՈւ Սու-24 ռմբակոծիչ

Հոկտեմբերի 10-ին Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազայից թռիչք կատարելու ժամանակ վթարվել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Սու-24 ճակատային ռմբակոծիչ, անձնակազմի բոլոր անդամները զոհվել են: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:

Սու-24, ՌԴ

Ըստ աղբյուրի՝ թռիչքի ժամանակ ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և վայր ընկել, իսկ անձնակազմն էլ չի հասցրել կատապուլտով դուրս նետվել: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռը կործանվել է տեխնիկական խնդիրների պատճառով:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը Սիրիայում ավիախումբ տեղակայել է դեռևս 2015 թ․ օգոստոս-սեպտեմբեր ամիսներից՝ Սիրիայում տարբեր ահաբեկչական, զինյալ խմբավորումների դեմ պայքարում այդ երկրի կառավարական բանակին օժանդակելու համար։

Դեռևս 2015-ի օգոստոսին Ռուսաստանի և Սիրիայի կնքած համաձայնագրով՝ ՌԴ ավիախմբին թույլ է տրվել տեղակայվել «Հմեյմիմ» ավիաբազայում անորոշ ժամկետով և անհատույց հիմունքներով:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԶՈւ կործանիչը 2015-ի նոյեմբերին խոցել էր Ռուսաստանի ԶՈւ ևս մեկ Սու-24 ինքնաթիռ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *