Հոկտեմբերի 10-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել է Բելառուսի ռազմական ակադեմիա, հանդիպում անցկացրել ակադեմիայի ղեկավարի հետ, ծանոթացել Բելառուսի ռազմաուսումնական հաստատության գործունեությանը, կառուցվածքին: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Զաքիր Հասանովին ներկայացրել են ակադեմիայի կառուցվածքը, գործունեությունը և հիմնական գործառույթները:
«Ռազմաուսումնական հաստատության օպերատիվ-մարտավարական և ռազմավարական մակարդակի տարբեր ֆակուլտենտների հետ ծանոթացած ներկայացուցչական պատվիրակությանը համապարփակ տեղեկություն են տրամադրել նրանց ցուցադրված զենքի, զինտեխնիկայի և այլ մարտական միջոցների նշանակության և կիրառման հնարավորությունների վերաբերյալ», – Նշվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունում:

Բելառուսի ռազմական ակադեմիայում Ադրբեջանի ՊՆ ղեկավարին ցուցադրված զինտեխնիկա (կապի համակարգեր/մեքենաներ)
Հիշեցնենք, որ Զաքիր Հասանովը Բելառուս էր այցելել հոկտեմբերի 8-ին: Այցի առաջին օրը նրան ցուցադրել էին Բելառուսում հավաքվող «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:
Հոկտեմբերի 9-ին Ադրբեջանի և Բելառուսի միջև ռազմական, ռազմատեխնիկական համագործակցությունը քննարկել էին Ադրբեջանի ՊՆ ղեկավարը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Նույն օրը Ադրբեջանի և Բելառուսի ՊՆ ղեկավարները ստորագրել էին 2018 թ. համագործակցության ծրագիրը: