2018-ին սահմանամերձ համայքներին 927 մլն-ի պետաջակցություն կցուցաբերվի. նախագիծ

2018 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է սահմանամերձ համայնքների պետական աջակցության շրջանակներում հատկացնել 927 մլն 871 հազար դրամ կամ 1 մլն 933 հազար ամերիկյան դոլար (սեպտեմբերի 29-ի փոխարժեքով):  Այս մասին նշված է բյուջեի նախագծում:

Աջակցության պատասխանատուն ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն է:

Որպես աջակցության միջոցառում նշվում է սահմանամերձ համայնքների բնակիչների սոցիալական պայմանների բարելավման նպատակով

  • գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի մասնակի փոխհատուցում,
  • հողի հարկի ու անշարժ գույքի գույքահարկի ամբողջական փոխհատուցում:

Կառավարության՝ օգոստոսի 28-ի նիստի ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հայտնել է, որ ծրագիրը ներկայացնում է շուրջ մեկ միլիարդ դրամի օժանդակություն, որը տրվելու է սահմանամերձ 37 համայնքների 58 հազար բնակչի: Նախարարի խոսքը փոխանցում է «Այսօր» լրատվակայքը:

Դավիթ Լոքյանն նաև ասել է, որ ծրագիրը վերաբերում է միայն պետության այս աջակցության բլոկին և փաստաթուղթը պետք է կցվի բյուջեին ու ուղարկվի Ազգային ժողով:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 7-ին, ՀՀ կառավարությունը հավանություն է տվել սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության ծրագիրը մինչև 2021 թ. երկարաձգելու որոշման նախագծին: «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքը ընդունվել էր 2014-ին և գործում է 2015-ի հունվարի մեկից: Օրենքի գործունեության ժամկետը լրանում էր 2018-ին:

Նախատեսվում են սոցիալական աջակցության հետևյալ տեսակները՝

  • Հաշվարկային տարում գումարային մինչև 360 խոր. մետր ծախսված բնական գազի սակագնի 50 տոկոսի չափով փոխհատուցում,
  • Հաշվարկային տարում գումարային մինչև 1440 կՎտ/ժ ծախսված էլեկտրաէներգիայի սակագնի 50 տոկոսի չափով փոխհատուցում: Ընդ որում՝ բնական գազի սպառող չհանդիսացող, սակայն էլեկտրաէներգիայի սպառող համարվող ընտանիքների համար տրամադրվում է տարեկան մինչև 180 խոր. մետր բնական գազի քանակության արժեքին համապատասխան լրացուցիչ գումարի չափով էլեկտրաէներգիայի սակագնի փոխհատուցում,
  • Ջրօգտագործող ընկերությունների սպասարկման տարածքում գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից օգտագործված ոռոգման ջրի դիմաց տվյալ տարում գանձվող վարձավճարների 50 տոկոսի փոխհատուցում.
  • Սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող, մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների համար վճարման ենթակա հողի հարկի և այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի տարեկան գումարների փոխհատուցում:

Նշենք, որ Սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով միջգերատեսչական հանձնաժողով է  ստեղծվել փետրվարի 13-ին, ՀՀ վարչապետի որոշումով: Հանձնաժողովի գործունեությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

Հանձնաժողովը հիմնականում զբաղվում է սահմանամերձ համայնքներում պաշտպանական հարցերով, այդ թվում նաև սահմանամերձ համայնքների դպրոցների և մանկապարտեզների դիմաց պատնեշների, հակառակորդի հրետակոծությունից պատսպարվելու նպատակով թաքստոցների կառուցմամբ, ինչպես նաև իրադրության սրման դեպքում բնակիչների կողմից պահակային ծառայություն իրականացնելու նպատակով զենքի տրամադրմամբ:

Հանձնաժողովը ղեկավարում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, հանձնաժողովի կազմում են նաև մի շարք նախարարների տեղակալներ, այդ թվում նաև տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *