Իրանում ավարտվել են Կա-226Տ ուղղաթիռի փորձարկումները

«Ռուսաստանյան ուղղաթիռներ» հոլդինգը ավարտել է Կա-226Տ բազմանպատակային ուղղաթիռի փորձարկումները Իրանում։ +50 աստիճան ջերմաստիճանի պայմաններում հաստատվել է բարձր ջերմային պայմաններում ուղղաթիռները շահագործելու հնարավորությունը։ Այս մասին սեպտեմբերի 13-ին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։

Կա-226Տ ուղղաթիռ

Կա-226Տ ուղղաթիռ

Ուղղաթիռի փորձարկումները անցկացվում էին օգոստոսի սկզբից՝ Իրանի ուղղաթիռաշինական ընկերության  (Iran Helicopter Support & Renewal Company (IHSRC)) աջակցությամբ՝  համաձայն 2017 թ. մայիսին կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների։

Ավելացնենք, որ  «Ռուսաստանի ուղղաթիռները»  և IHSRC-ն Իրանում կոնֆերանս կանցկացնեն, որտեղ ուղղաթիռների հավանական պատվիրատուները կկարողանան ծանոթանալ փորձարկումների արդյունքներին, ուղղաթիռների առավելություններին։

Հիշեցնենք, որ 2017-ի մայիսին «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը և Իրանի ուղղաթիռաշինական ընկերությունը ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր՝ Իրանում թեթև դասի ուղղաթիռների հավաքման գործընթացում կողմերի փոխգործակցությունը կազմակերպելու շուրջ։

Ուղղաթիռների թողարկման համար հուշագրով կարգավորվում է մասնավորապես  IHSRC ընկերությունը սարքավորումներով ապահովելու, արդիականացնելու և լիազորություններ տրամադրելու հարցը։

Ավելի վաղ «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը փոխըմբռնման հուշագիր էր ստորագրել Իրանի արդյունաբերական զարգացման ու վերակառուցման կազմակերպության (Iran’s Industrial Development & Renovation Organization (IDRO) ) հետ՝ Իրանում Կա-226 կամ «Անսատ» թեթև ուղղաթիռների հավաքման համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին։

2016-ի օգոստոսին «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Շարբինինը հայտնել էր, որ Իրանի հետ բանակցում են թեթև ուղղաթիռների մատակարարման հարցի շուրջ։

Միաժամանակ քննարկվել էր նաև ուղղաթիռները  Իրանում հավաքելու հարցը։ Նշվում էր, որ Իրանին անհրաժեշտ է մոտ 60 միավոր թեթև դասի ուղղաթիռ, որոնք օգտագործվելու են առողջապահության նախարարության կողմից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *