Ադրբեջանը 500 մլն դոլար կհատկացնի Իրան-Ադրբեջան երկաթուղու կառուցման համար

Իրանական երկաթուղիներ ընկերության միջազգային հարցերով գլխավոր տնօրեն Աբբաս Նազարին հայտնել է, որ ադրբեջանական կողմը Իրան-Ադրբեջան երկաթուղու Ռեշթ-Աստարա (Իրան) հատվածի շինարարության համար Իրանին 500 մլն ԱՄՆ դոլար կտրամադրի: Այս մասին Նազարին հայտնել է իրանական «Մեհր» գործակալությանը տված հարցազրույցում:

Երկաթուղու նշված հատվածի շինարարությունն ավարտելուց հետո ուղիղ երկաթուղային կապ կստեղծվի իրանական Բանդար Աբաս նավահանգստի և Ռուսաստանի միջև: Հետագայում այդ ուղով նախատեսվում է բեռնափոխադրումներ իրականացնել նաև Հնդկաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ:

Ղազվին-Ռեշթ-Ասթարա երկաթուղին

Ղազվին-Ռեշթ-Ասթարա երկաթուղին

Առայժմ երկաթգծի նշված հատվածի շինարարության ժամկետները չեն նշվում: Հայտնի չէ նաև, թե Ադրբեջանը երբ կհատկացնի խոստացած գումարը:

2016 թ. Ադրբեջանը հայտնել էր,  որ իրենք արդեն ավարտել են Աստարայից Իրանի սահման շուրջ 8 կմ երկարությամբ փորձնական ռելսերի, ինչպես նաև Աստարա գետի կամուրջի կառուցումը: Սակայն երկաթգծի հիմնական հատվածը՝ շուրջ 370 կմ, պետք է կառուցվի Իրանի տարածքում:

Դրանից շուրջ 160 կմ-ը հենց նշված Ռեշթ-Աստարա հատվածն է։ Իրանական կողմի հաշվարկներով՝ միայն Ռեշթ – Աստարա երկաթգծի կառուցումը պահանջում է շուրջ 1 մլրդ դոլարի ներդրում։  2016 թ. 500 միլիոնի պարտավորություն ստանձնել էր Ադրբեջանի միջազգային բանկը, սակայն 2017 թ. այդ բանկը հայտարարել է իր սնանկության և ռեստրուկտուրիզացիայի մասին: Ներկայում հայտնի չէ, թե ինչ միջոցներով են այդ 500 մլն դոլարը Իրանին հատկացնելու: 

Ավելի վաղ՝  հունիսի 14-ին, Իրանի և Ադրբեջանի երկաթուղիների ղեկավարները համաձայնության էին հասել իրանական Աստարայում երկաթուղային բեռնափոխադրման տերմինալների, ինչպես նաև Իրանի հատվածում շուրջ 1500 մետր երկաթուղային գծի շինարարության շուրջ:

Կառուցման ծախսերը իր վրա կվերցնի Ադրբեջանը, սակայն տերմինալները 25, իսկ ճանապարհի այդ հատվածը՝ 15 տարով վարձակալության կտվրեն Ադրբեջանին:

Իրան-Ադրբեջան երկաթուղային ծրագրի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *