Իրանում հաստատվել է «ԱՄՆ ահաբեկչական գործողություններին դիմակայելուն» ուղղված նախագիծ

Հուլիսի 29-ին Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության կոմիտեն արտահերթ նիստ է հրավիրել քննարկելու  «Տարածաշրջանում ԱՄՆ ահաբեկչական և արկածախնդիր գործողություններին դիմակայելուն» ուղղված օրինագիծը։ Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը։

Օրինագիծը հաստատվել է կոմիտեի բոլոր անդամների կողմ քվեարկությամբ։

Բալիստիկ հրթիռի փորձարկում Իրանում,2016թ.

Բալիստիկ հրթիռի փորձարկում Իրանում, մարտ 2016թ.

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեն հրավիրելու է նաև մեկ այլ արտահերթ նիստ՝ քննարկելու օրինագծի մանրամասները։

Կոմիտեի ղեկավար Ալաեդդին Բորուջերդիի խոսքերով՝ քննարկվելու են նախագծի հետ կապված առաջարկները, որոնք հաստատվելու դեպքում կավելացնեն օրինագծին, ինչից հետո օրինագիծը նորից կդրվի քվեարկության և հաստատվելու դեպքում կդառնա օրենք։

Ավելի վաղ՝ հուլիսի 18-ին, Իրանի խորհրդարանի բաց նիստում հաստատվել էր «Տարածաշրջանում ԱՄՆ ահաբեկչական և արկածախնդիր գործողություններին դիմակայելուն» ուղղված օրինագիծը։ Այն ընդունվել էր ձայների 213 կողմ, 6 դեմ և մեկ չեզոք հարաբերակցությամբ։

Օրինագծով սահմանվում են ԱՄՆ «ահաբեկչական, ահաբեկիչներին աջակցող, մարդու իրավունքները խախտող  գործողություններին» դիմակայելուն ուղղված քայլեր։

Նախատեսվում է նաև երկրի հրթիռային արտադրության զարգացման համար հատկացնել 1000 մլրդ թուման (308 մլն դոլար), ևս 1000 մլրդ թուման պետությունը  պարտավորվում է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ստորաբաժանմանը տրամադրել։

Ավելի վաղ ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել իրանական Shahid Hemmat Industrial Group (SHIG) ձեռնարկությանը առնչակից 6 ընկերության նկատմամբ՝ ի պատասխան «Իրանի սադրիչ գործողություններին, ինչպիսին է «Սիմորղ» կրող հրթիռի փորձարկումը»:

Մինչ այդ ԱՄՆ Սենատը հաստատել էր Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու օրինագիծը: Օրինագծով պատժամիջոցներ են սահմանվում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր աջակցում են Իրանի բալիստիկ հրթիռների զարգացման ծրագրին: «Ահաբեկիչներին աջակցելու» մեղադրանքով պատժամիջոցներ են նախատեսվում նաև Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նկատմամբ (ԻՀՊԿ):

Ըստ օրինագծի՝ ԱՄՆ նախագահը կարող է պատժամիջոցներ սահմանել այն անձանց նկատմամբ, ովքեր կաջակցեն Իրանին կամ Իրանից արգելված սպառազինության (տանկեր, զրահամեքենաներ, մարտական ուղղաթիռներ, ինքնաթիռներ, ռազմանավեր, հրթիռներ, հրթիռային համակարգեր) մատակարարմանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *