Հայաստանի հնարավորությունները՝ Իրանի համար տարանցիկ երկիր դառնալու հարցում

Ադրբեջանական կողմը հայտարարում է մինչև Իրանի սահման երկաթուղային հատվածի կառուցման ավարտի մասին: Հայկական կողմն իր հերթին հայտնել էր, որ նոյեմբերին Հայաստանի տարածքով Եվրոպայից Իրան բեռնափոխադրում է իրականացվել: Իրանի համար տարանցիկ ուղի դառնալու հայկական և ադրբեջանական ծրագրերին Razm.info-ի հետ զրույցում անդրադարձել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի և Ռուսաստանի երկաթուղային ընկերությունների ղեկավարները քնննարկել են «հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի հետ կապված հարցեր, այդ թվում՝ Իրան-Ադրբեջան երկաթգծի շինարարության ծրագիրը։ Ադրբեջանական կողմը տեղեկացրել է, որ իրենք արդեն ավարտել են Աստարայից Իրանի սահման շուրջ 8 կմ երկարությամբ ռելսերի կառուցումը և փորձարկել են այն:

Սակայն «Հյուսիս-Հարավ» երկաթգծի գործարկման համար անհրաժեշտ է Իրանի տարածքում կառուցել 370 կմ երկարությամբ Ղազվին-Ռեշթ-Աստարա երկաթգիծը։ Այդ թվում Ռեշթ-Աստարա գծի երկարությունը պետք է կազմի շուրջ 164 կմ։ Խոսելով իրանական հատվածում տարվող աշխատանքների ընթացքից՝ իրանագետ Վարդան Ոսկանյանը մեզ հետ զրույցում նշեց․

«Դատելով իրանական ԶԼՄ-ներում տարածված տեղեկություններից և իրանական համապատասխան պաշտոնյաների հայտարարություններից՝ Իրանը առայժմ որևէ քայլ չի ձեռնարկել Ռաշթից մինչև Աստարա ընկած երկաթուղային հատվածի շինարարության ուղղությամբ: … Իրանական կողմը վերջերս հայտարարեց, որ Աստարայում պահեստների և ենթակառուցվածքների համակարգ է ստեղծվում, բայց կոնկրետ երկաթուղու շինարարության ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվել:

Ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ 500 մլն դոլարի վարկավորում կտրամադրի Իրանին երկաթուղու շինարարության համար, սակայն դեռևս տեղեկություն չկա, այդ վարկավորումը հատկացվել է, թե միայն խոստումն է առկա և դրա շուրջ պայմանավորվածությունը»։

Իրանական կողմը կառուցում է Ղազվին-Ռեշթ երկաթգիծը, որը հետագայում պետք է միանա Ռեշթ-Աստարային և կապվի ադրբեջանական ցանցի հետ: Խոսելով Ղազվին-Ռեշթ գծի կառուցումից՝ Ոսկանյանը նշեց, որ Իրանի համար դա առաջին հերթին ներքին երկաթուղային ցանցի զարգացման և Կասպից ծովի նավահանգիստները Պարսից ծոցին կապելու խնդիր է:

Ղազվին-Ռեշթ-Ասթարա երկաթուղին

Ղազվին-Ռեշթ-Ասթարա երկաթուղին

Դեկտեմբերի 8-ին Ռուսաստանյան երկաթուղիներից հայտնում են, որ չնայած երկաթգիծը դեռ չկա, բայց 2016 թ. սեպտեմբերին առաջին անգամ իրականացվել է Հնդկաստանից Ռուսաստան՝ Իրանի և Ադրբեջանի տարածքով կոնտեյներների փորձնական բեռնափոխադրում: Օգտագործվել են առկա երկաթուղիները և ավտոտրանսպորտով փոխադրումը։

Նման փորձ 2016 թվականի նոյեմբերին արել է նաև Հայաստանը։ Սակայն այս դեպքում բեռներ են փոխադրվել Գերմանիայից Իրան։ Հայաստանի տրանսպորտի նախարարությունից նաև հայտնել էին, որ հայկական կողմը բանակցում է Հնդկաստանի հետ ևս։ Այս հարցի կապացությամբ Ոսկանյանը նշեց, որ իրանական կողմը ևս շահագրգռված է Հայաստանով Սև ծովին կապնվելու ծրագրերում.

«Չափազանց կարևոր էր բոլորովին վերջերս հայ-իրանական տնտեսական հանձնաժողովի Թեհրանում կայացած նիստի շրջանակներում Իրանի փոխնախագահ Ջհանգիրիի հայտարարությունը, որ Իրանը դիտարկում է և շահագրգիռ է Պարսից ծոցը Սև  ծովին կապելու շրջանակներում զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ: Ջհանգիրիի շեշտադրմամբ՝ կապը լինելու է երկու բաղադրիչներով՝ ավտոտրանսպորտ և երկաթուղի: Այսինքն իրանցիները նման բարձ պաշտոնական մակարդակում հարցը պահում են օրակարգում»։

Ներկայում Իրանը բեռնափոխադրումների համար հիմնականում օգտագործում է Թուրքիայի տարածքը: Մյուս կողմից, տնտեսական տեսանկյունից բավականին շահավետ կարող է լինել նաև Ադրբեջանի տարածքի օգտագործումը։ Ադրբեջանն այսօր ուղիղ երկաթուղային կապ ունի Ռուսաստանի և Վրաստանի հետ։

Բացի այդ, Ադրբեջանի տարածքը, ի տարբերություն Հայաստանի, հիմնականում հարթավայրային է։ Անդրադառնալով այս բոլոր խնդիրներին՝ Ոսկանյանը նշեց, որ դրանք բավական կարևոր գործոններ են ու Իրանը հավասար է գնահատում Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի տարածքներով երկաթուղային կապի ապահովումը, սակայն մանրամասնեց, որ քաղաքական և անվտանգային տեսանկյունից Իրանի համար ավելի ձեռնտու կլինի Հայաստանի տարածքի օգտագործումը։

«Հայաստանը աշխարհագրական ռելիեֆի տեսանկյունից միգուցե և զիջում է այլ երկրներին, դիցուք՝ Ադրբեջանին … Սակայն չափազանց կարևոր է անվտանգային բաղադրիչը, և մենք մշտապես պետք է դրա վրա շեշտադրում կատարենք … Որովհետև Հայաստանը ունի չափազանց կարևոր առավելություն. բարեկամական երկիր է Իրանի համար, որևէ հակաիրանական գործողություն Հայաստանում չի ձեռնարկվել … և եթե համեմատենք մյուս «մրցակիցների» հետ՝  Թուրքիայում իրանական բեռնատարները պարբերաբար ունենում են խնդիրներ, կապված նաև վարորդների անձնական անվտանգության ապահովման հետ։ Այդ խնդիրները կապված են նաև այսօրվա Թուրքիայի արևելյան շրջաններում թուրք-քրդական բախումների հետ, որոնց խոչընդոտում են նույնիսկ առկա որոշ կոմունիկացիոն ծրագրերի գործարկմանը:

Ադրբեջանական հանրապետության պարագայում վստահության մակարդակը չափազանց ցածր է: Միգուցե դիվանագիտական հայտարարությունների մակարդակում … Թվացյալ կերպով այդ հակասությունները հարթեցված են, բաց աշխարհաքաղաքական առումով որևէ խնդիր Իրանի և Ադրբեջանական հանրապետության մեջ չի լուծվել:

Այս իրավիճակում շատ բան նաև կախված է հենց Հայաստանից, կարծում է իրանագետը։ Ըստ Ոսկանյանի՝ Իրանի հետ բեռնափոխադրումային կապի ապահովումը մեզանից պահանջում է լրացուցիչ ջանքերի գործադրում, թե՛ դիվանագիտական ճակատում, թե՛ նաև գործնական դաշտում:

Ոսկանյանի խոսքով՝ Հայաստանով փոխադրումները բավականին արդյունավետ են նաև Իրանի համար, սակայն այս ուղղությամբ պետք է աշխատանքներ կատարել: Մասնավորապես ըստ իրանագետի «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարության շրջանակներում զուհագեռ պետք է սկսել նաև Մեղրիի հատվածի շինարարությունը։ Դա թույլ կտա լուծել նշված խնդիրերը, նվազեցնել մեքենաների տեխնիկական անվտանգության ռիսկերը, և կնպաստի Հայաստանով բեռնափոխադրումների իրականացմանը։

Իրանագետը կարծում է, որ Հայաստանով բեռնափոխադրումների իրականացումը շահավետ կլինի ոչ միայն հայկական և իրանական, այլև՝ վրացական կողմերի համար.

«… Որովհետև վրացական կողմը ևս լրացուցիչ հնարավորություններ է ստանում այս ծրագրերի իրականացման շրջանակներում՝ զանազան ոլորտներում իր ուղիները դիվեսիֆիկացնելու, տարբերակելու համար. թե՛ կոմունիկացիոն դաշտում՝ այդ ճանապարհային և երկաթուղային հաղորդակցության, թե՛ գազային հատվածում»:

Իրան-Ադրբեջան երկաթուղայի կապի ծրագիր

2005 թ. փետրվարին Բաքվում, սեպտեմբերին՝ Մոսկվայում Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են Ղազվին – Ռեշտ – Աստարա (Ադրբեջան) 372 կմ երկարությամբ երկաթգծի կառուցման հնարավորությունները:

Ադրբեջանական հատվածում աշխատանքները բավականին քիչ էին՝ 8,3 կմ երկաթգծի կառուցում մինչև Աստարա գետ և 101 մ կամրջի կառուցում: Հիմնական աշխատանքը կատարվում է իրանական տարածքում: 2016-ի հունվարին «Իրանական երկաթուղիների» նախագահը հայտարարել էր, որ Ղազվին – Ռեշթ գծի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2017-ին, իսկ Ռեշտ – Աստարա գիծը՝ 2016 – 2019 թթ.: Սակայն հետագայում ֆինանսավորման հետ կապված խնդիրներ առաջացան: Ներկայում հստակ ժամկետներ հայտնի չեն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *