Ռուսաաստանի օդուժը հարվածել է Ռաքքայում «Իսլամական պետության» դիրքերին

Մայիսի 29-ի լույս 30-ի գիշերը Ռուսաստանի ռազմաօդային ուժերը հարվածել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին, որոնք փորձել են դուրս գալ Սիրիայի Ռաքքա քաղաքից: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:

ՌԴ օդուժը հարվածել է ԻՊ-ի նավթատար մեքենաներին. (արխիվ)

ՌԴ օդուժը հարվածել է ԻՊ-ի նավթատար մեքենաներին. (արխիվ)

Համաձայն աղբյուրի՝ հարվածների արդյունքում «Իսլամական պետությունը» կորցրել է 80 զինյալ, 36 մեքենա, 17 «փիքապ», որոնց վրա տեղադրված են եղել ականանետներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ:

ԻՊ զինյալները փորձել են դուրս գալ Ռաքքա քաղաքի հարավից և Եփրատ գետով անցնել Պալմիրա: Սա արդեն նմանատիպ երկրորդ դեպքն է վերջին շրջանում: Ռուսական օդուժը զինյալների առաջին խումբը չեզոքացրել էր դեռևս մայիսի 25-ին:

Ներկայում հիմնականում քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորումը ԱՄՆ-ի հատուկ նշանակության ստորաբաժանումների աջակցությամբ գրեթե մոտեցել են Ռաքքային և հյուսիսից ամբողջությամբ շրջափակել ԻՊ զինյալներին: Քրդական ուժերը ԻՊ դեմ գործողություններ առայժմ չեն վարում միայն Ռաքքայի հարավում, ինչի հետևանքով ԻՊ զինյալները հարավից կարողանում են հեռանալ քաղաքից:

Միևնույն ժամանակ ԱՄՆ սկսել է Սիրիայի քրդերին զինամթերքի և տեխնիկայի իր խոստացած մատակարարումները: Քրդական կողմը հայտարարում է, որ Ռաքքան ԻՊ-ից ազատագրելու գործողությունը հնարավոր է սկսեն ամռան սկզբին:

Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Ռուսաստանի ՌԾՈւ «Ադմիալ Էսսեն» ֆրեգատը և «Կրասնոդար» սուզանավը Միջերկրական ծովից թևավոր «Կալիբր» հրթիռներով խոցել են Պալմիրայից արևելք գտնվող ԻՊ դիրքերին: 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *