ԱՄՆ-ն սկսել է Սիրիայի քրդերին զենքի մատակարարումները

Մայիսի 30-ին ԱՄՆ սկսել է Սիրիայի քրդերին զինամթերքի և տեխնիկայի իր խոստացած մատակարարումները, ինչը քրդերին թույլ կտա մոտակա ժամանակներս սկսել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մայրաքաղաք Ռաքքայի ուղղությամբ գրոհը:

Այս մասին հատնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ ծովային հետևակի մամուլի ծառայության ներկայացուցիչ, մայոր Ադրիան Րանկին-Գելլովեյին:

Սիրիայի քրդական ուժերին ԱՄՆ-ի կողմից ուղարկված զրահամեքենա

Սիրիայի քրդական ուժերին ԱՄՆ-ի կողմից ուղարկված զրահամեքենա

Ըստ պաշտոնյայի՝ երեքշաբթի օրը ԱՄՆ-ն Սիրիայի քրդերին է մատակարարել հրաձգային զինատեսակներ և ռազմական մեքենաներ:

Ավելի վաղ ԱՄՆ աջակցությամբ գործող արաբներից և գերազանցապես քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) հրամանատարը հայտնել էր, որ Ռաքքայի ուղղաությամբ գրոհը կսկսեն ամռան սկզբին, և գրոհի ժամանակ, ինչպես ԱՄՆ գլխավորած կոալիցիան է խոստացել, կլինի հատուկ սպառազինություն՝ զրահապատ մեքենաներ և այլ սպառազինություն:

Հրամանատարը ակնարկել էր, որ գրոհի մեկնարկը կախված է ԱՄՆ-ի կողմից զինամթերքի փոխանցումից:

Մինչ Ռաքքայի գրոհը սկսելը քրդերը կարողացել էին իրենց ձեռքի տակ վերցնել գրոհի համար մարտավարական նշանակություն ունեցող Տաբկա քաղաքը, իսկ այժմ էլ հաստատվել են Ռաքքայի մատույցներում:

Ներկայումս քաղաքի տարբեր կողմերից քրդական ուժերը ռազմական գործողություններ են իրականացնում: Քաղաքի ուղղությամբ ավիահարվածներ է հասցնում նաև ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան:

Ամենայն հավանականությամբ Ռաքքայի ԻՊ-ից ազատագրման գործողությունները, ինչպես քրդական ուժերն էին հայտնել, կսկսվի մոտակա ժամանակներս:

ԱՄՆ-ն նախկինում ևս զինում և մեծ աջակցություն էր ցուցաբերում Սիրիայի քրդերին: Սրանից բացի միայն 2017-ին ԱՄՆ-ն քրդերին 2 անգամ օգնություն է փոխանցել: Առաջինը փոխանցվել էր հունվարի 31-ին, իսկ երկրորդը՝ արդեն փետրվարի 28-ին:

Քրդերին զենքերի մատակարարումները բացասական արձագանք է գտնում Թուրքիայում, քանի որ Թուրքիան ահաբեկչական է համարում  SDF-ի կազմում գործող քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատ» (YPG) կառույցը:

Այս մատակարարումներին անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Նախարարը մասնավորապես նշել է.

«Քրդական YPG-ին ԱՄՆ-ի կողմից զենքի տրամադրումը վտանգավոր է ոչ միայն Թուրքիայի, այլև Սիրիայի համար: Նման քայլերը կարող են վտանգնել Սիրիայի միասնականությանը և տարածքային ամբողջականությանը»:

Թուրքիայի արգործնախարարի հայտարարությունը առնվազն տարակուսանքի տեղիք է տալիս, քանի որ հենց Թուրքիան էր, որ միայն սեփական նախաձեռնությամբ,նախորդ տարվա օգոստոսի 24-ին «Եփրատի վահան» գործողության շրջանակներում իր զորքը մտցրեց Սիրիայի տարածք և իր վերահսկողության տակ առավ տարածքներ Սիրիայի հյուսիսային շրջաններում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *