ԱՄՆ-ն ժխտում է սիրիական քաղաքին ավիահարվածներ հասցնելու լուրերը

ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցան ժխտում է, որ ավիահարվածներ է հասցրել Սիրիայի Դեր Զոր նահանգի Ալ Բուքամալ քաղաքին։ Այս մասին մայիսի 16-ին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ բանակի ներկայացուցիչ, գնդապետ Ռայան Դիլոնին։

Ավելի վաղ սիրիական ԶԼՄ-ները հայտնել էին, որ երկուշաբթի օրը  ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Ալ-Բուքամալ քաղաքին։ «Սիրիայում Մարդու իրավունքների հարցերով դիտորդական խմբի» տվյալներով՝ ավիահարվածների հետևանքով  սպանվել է 42  խաղաղ բնակիչ։

Ըստ Դիլոնի՝ կոալիցիայի ուժերը  կիրակի և երկուշաբթի օրերը ավիահարվածներ չեն հասցրել քաղաքին։ Ավիահարվածների թիրախը եղել է քաղաքից  50կմ հեռավորության վրա գտնվող նավթային օբյեկտները, որոնք ԻՊ հսկողության տակ են։

Դիլոնը հավելել է, որ նշված ժամանակահատվածում քաղաքին ավիահարվածներ են հասցրել այլ երկրների ուժեր։

Սիրիայի Դեր Զոր նահանգը և հարակից շրջանները ներկայում մեծամասամբ գտնվում են ԻՊ վերահսկողության ներքո:

Միևնույն ժամանակ Սիրիայի կառավարական ուժերը հիմնականում վերահսկում են երկրի արևելյան, հարավ-արևելյան շրջանները և կտրված են Դեր Զորից: Այս տեսանկյունից նշված շրջանում վերահսկողությունը պահպանելը ռազմավարական նշանակություն ունի Սիրիայի կառավարարական ուժերի համար:

2015 թ. ԻՊ-ն պաշարել էր Դեր Զոր քաղաքը, սակայն այնտեղ գտնվող կառավարամետ ուժերը մինչ օրս կարողանում են վերահսկողությունը պահպանել փոփոխական հաջողություններով:

ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան կազմավորվել է 2014-ի սեպտեմբերին, այն բանից հետո, երբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կարողացավ 2014-ի հունիսի կեսերին Իրաքի կառավարական բանակից գրավել մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *