Երեկ՝ նոյեմբերի 16-ին, Իրանի հարավային Քիշ կղզում մեկնարկել է երկրի ռազմաօդային ուժերի 8-րդ միջազգային ավիացուցահանդեսը, որը շարունակվելու է մինչև նոյեմբերի 19-ը: Այս մասին հայտնում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Ավիացուցահանդեսի ժամանակ Ռուսաստանի ՍՈւ-27 կործանիչներով (6 միավոր) բարձրագույն պիլոտաժի հնարքներ են ցուցադրել ՌԴ ՌՕՈւ «Ռուսկիյե վիտյազի» և «Ստրիժի» բարձրագույն պիլոտաժի ավիացիոն խմբերը, ինչպես նաև 6 միավոր Aero L-39 Albatros ինքնաթիռներից բաղկացած լատվիական «Բալտիյսկիե պչյոլի» պիլոտաժի խումբը:
Ըստ իրանական «Թասնիմ» լրատվական գործակալության ` ավիացուցահանդեսին ցուցադրական թչիքներ է կատարելու նաև ուկրաինական VV-2 ուղղաթիռը:
Իրանի ՌՕՈւ-ն Քիշ կղզում ավիացուցահանդես անցկացնում է 2002 թվականից: Այս տարի առաջին անգամ ավիացուցահանդեսին կմասնակցեն նաև արտասահմանյան ընկերություններ (մասնավորապես Գերմանիայից, Իտալիայից, Ռուսաստանից, Ճապոնիայից, Սինգապուրից, Մալազիայից, Լեհաստանից և Ուկրաինայից), ինչը պայմանավորված է 2015թ. հուլիսին Իրանի և «5+1» երկրների միջև ձեռք բերված համաձայնության կատարմամբ և Իրանի ու Արևմուտքի հարաբերությունների բարելավմամբ:
Նշենք, որ Ռուսաստանից ավիացուցահանդեսին մասնակցում են «Ռուսաստանի ուղղաթիռներ», «Ավիաշինական միավորված կազմակերպություն», «Շարժիչաշինական միավորված կազմակերպություն», «Ալմազ-Անթեյ» և այլ ընկերութուններ:
Ըստ ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալության` «Ռուսաստանի ուղղաթիռներ» ընկերությունը ավիացուցահանդեսին ներկայացնելու է ՄԻ-171Ա2,«Անսանտ» և Կա-226Տ ուղղաթիռների մոդելներ:
Իրանի ՌՕՈւ նախորդ՝ 7-րդ, միջազգային ավիացուցահանդեսը անցկացվել է 2014թ. նոյեմբերին: