Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 25-ին, ընդունել է Սերբիայի պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի կայքը:
Նախագահը բարձր է գնահատել հայ-սերբական միջպետական հարաբերությունների ներկայիս մակարդակը՝ ընդգծելով, որ վերջին տարիներին երկու բարեկամ երկրների միջև ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, աշխուժացել են տնտեսական հարաբերությունները, ընդլայնվել է իրավապայմանագրային բազան, խորացել է միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը:
Սերժ Սարգսյանը կարևորել է նախարար Բրատիսլավ Գաշիչի այցի շրջանակներում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սերբիայի Հանրապետության կառավարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը, որը, նրա համոզմամբ, համալրեց փոխգործակցության օրակարգը՝ հիմքեր ստեղծելով Հայաստանի և Սերբիայի պաշտպանական գերատեսչությունների միջև սերտ փոխգործակցության համար:
Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են փաստել, որ հայ-սերբական դարավոր հարաբերություններն ունեցել են բարեկամության բազմաթիվ դրսևորումներ, որոնց հիմքում ընկած են պատմամշակութային կապերը, միանման հոգևոր արժեքները և փոխադարձ համակրանքը:
Հայաստանի նախագահը և Սերբիայի պաշտպանության նախարարը հանդիպման ժամանակ քննարկել են ինչպես երկկողմ հարաբերությունների օրակարգը, այնպես էլ միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող արդի խնդիրներ:
Ավելացնենք, որ Սերբիայի պաշտպանության նախարարը երկօրյա այցով Հայաստան է եկել երեկ՝ նոյեմբերի 24-ին: Նոյեմբերի 25-ին նախարար Բրատիսլավ Գաշիչին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: