Ճապոնիայի պաշտպանության նախարար Իցունորի Օնոդերան 2014-ի հուլիսի 8-ին այցելել է ԱՄՆ Տեխաս նահանգում Lockheed Martin ընկերության գործարան, որտեղ արտադրվում են հինգերորդ սերնդի F-35 կործանիչները։ Այցի ընթացքում նախարարը որոշ ուշագրավ հայտարարություններ է արել նաև Ճապոնիայի պատվիրած կործանիչների և պատվերի հետագա ծավալների հնարավոր մեծացման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Jane’s ռազմական հանդեսը։
Օնոդերան նշել է, որ եթե կործանիչների գինը նվազի, Ճապոնիան հավանաբար կավելացնի դրանց պատվերի ծավալը, որը ներկայումս 42 միավոր է։ Նախարարն արել է նաև տնտեսագիտական դիտարկում՝ նկատելով, որ ինչքան մեծ լինի տարբեր երկրների կողմից կործանիչների նախնական պատվերի քանակը, այնքան ցածր կլինի F-35-ի շուկայական գինը։
Նշենք, որ Ճապոնիայի համար նախատեսված F-35 կործանիչներից առաջինի արտադրությունը կսկսվի արդեն ընթացիկ տարվա օգոստոսին։ Առհասարակ, 2014 ֆինանսական տարում Ճապոնիան դրանց գնման համար հատկացրել է 627 միլիոն ամերիկյան դոլար, ինչի դիմաց նախատեսվում է ստանալ 4 ինքնաթիռ։ Ավիապարկի՝ նոր ինքնաթիռներով համալրումը ծագող արևի երկրի համար դարձել է ավելի հրատապ այն բանից հետո, երբ 2014-ի փետրվարին ուժեղ ձնաբքի պատճառով վնասվեց ու շահագործման համար ոչ պիտանի դարձավ 6 միավոր պարեկային Р-3С Orion ինքնաթիռ։ Հին դառնալու պատճառով շահագործման համար ոչ պիտանի են դարձել նաև ռազմաօդային ուժերի մի շարք այլ ինքնաթիռներ։
Նկատենք, որ Ճապոնիայի պաշտպանության նախարարի այցը Lockheed Martin-ի գործարան համընկել է ընկերության համար բավական բարդ ժամանակաշրջանի հետ։ Պատճառը 2014-ի հունիսի 23-ին գրանցված միջադեպն է, երբ ուսոմնական թռիչքներից մեկի ժամանակ բռնկվեց F-35A կործանիչի շարժիչը։ Ներկայումս ԱՄՆ բանակի հրամանատարությունը արգելել է թռիչքներն ու դրան զուգահեռ ժամանակավորապես դադարեցրել կործանիչների հերթական խմբաքանակի գնումը, մինչև հատուկ ստեղծված հանձնաժողովը կպարզի F-135 շարժիչի վրա ծագած հրդեհի պատճառը։
Lockheed Martin ընկերությունը նախագծել է հինգերորդ սերնդի F-35 կործանիչի երեք մոդիֆիկացիա. F-35A, F-35B և F-35C` հարմարեցված համապատասխանաբար ԱՄՆ ռազմաօդային ուժերի, ծովային հետևակի և նավատորմի կարիքներին։ F-35 կործանիչի սահմանափակ քանակության նախնական պատվեր ի թիվս այլ երկրների ներկայացրել է նաև Թուրքիան։
Pingback: Մեծ Բրիտանիան և Ճապոնիան կմիավորեն իրենց ուժերը F-35 կործանիչի հրթիռների ստեղծման համար | Ռազմ.info