Ճապոնիան և Մեծ Բրիտանիան առաջիկայում կմիավորեն իրենց ուժերը հինգերորդ սերնդի F-35 կործանիչի համար նախատեսված «օդ-օդ» դասի կառավարվող հրթիռների ստեղծման աշխատանքներում։ Ինչպես հայտնում է DefenseNews ռազմական լրատվակայքն, այս մասին 2014-ի հուլիսի 17-ին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն։
Հրթիռների նաախգծման պատվերն ԱՄՆ-ն ի սկզբանե վստահել է Մեծ Բրիտանիայի մասնագետներին, սակայն վերջիններս կանգնել են դժվարությունների առաջ, որոնց լուծումը գտնելու նպատակով էլ դիմել են Ճապոնիային։
Շինզո Աբեն տեղեկացել է, որ հրթիռի նախագծման ոլորտում լուրջ առաջընթաց արդեն իսկ կա։ Մասնավորապես, այն հաջողությամբ հաղթահարում է բավական մեծ հեռավորություն, սակայն դեռևս կան լուծման ենթակա մի շրարք խնդիրներ, որոնցից է նաև խոցման ճշգրտության աստիճանի բարձրացումը։ Հենց այս թերությունը շտկելու ուղղությամբ էլ կաշխատեն ճապոնացիներն, ովքեր բարդ տեխնոլոգիաների մշակման ոլորտում ունեն անվիճելի հեղինակություն և մեծ փորձ։
Վարչապետը հավելել է նաև՝ Ճապոնիան շահագրռված է, որպեսզի F-35 կործանիչի բոլոր բաղկացուցիչներն ու այդ թվում նաև սպառազինության տարրերը լինեն անթերի, քանի որ առաջիկայում երկրի ռազմաօդային ուժերի ավիապարկը ևս համալրվելու է այս ինքնաթիռներով։
Հիշեցնենք, որ 2014-ի հուլիսի 8-ին Ճապոնիայի պաշտպանության նախարար Իցունորի Օնոդերան այցելել էր ԱՄՆ Տեխաս նահանգում Lockheed Martin ընկերության գործարան, որտեղ արտադրվում են հինգերորդ սերնդի F-35 կործանիչները։ Նախարարը ծանոթացել էր արտադրական գործընթացին ու նաև տեղեկացել, որ Ճապոնիայի պատվիրած 42 կործանիչներից առաջինի հավաքումը կսկսվի արդեն 2014-ի օգոստոսին։
Lockheed Martin ընկերությունը նախագծել է հինգերորդ սերնդի F-35 կործանիչի 3 մոդիֆիկացիա. F-35A, F-35B և F-35C` հարմարեցված համապատասխանաբար ԱՄՆ ռազմաօդային ուժերի, ծովային հետևակի և նավատորմի կարիքներին։ Մի շարք երկրներ արդեն իսկ ներկայացրել են կործանիչի նախնական պատվեր։