Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Բաքվում մեկնարկել է Վրաստանի և Թուրքիայի մասնակցությամբ համատեղ զորավարժությունը, որի նպատակը խողովակաշարերի պահպանության հմտությունների զարգացումն է։
Eternity-2013 («Հավերժություն-2013») անունը կրող զորավարժությունը շարունակվելու է մինչ սեպտեմբերի 27-ը։
Զորավարժության ժամանակ մասնակիցները համակարգչային տեխնիկայի միջոցով կփորձեն կատարելագործել նավթատարների և գազատարերի պաշտպանության հմտությունները։
Բացի երեք երկրների զինծառայողներից, զորավարժությանը մասնակցում են նաև խողովակաշարերի պահպանությամբ զբաղվող անվտանգության կառույցների ներկայացուցիչներ։ Թուրքական կողմը ներկայացված է նաև նավթագազային «Բոթաշ» ընկերության աշխատակիցներով։
Eternity անունը կրող զորավարժություններն անցկացվում են ամեն տարի Թուրքիայում, Վրաստանում և Ադրբեջանում։ 2012 թվականին ամենամյա զորավարժությունն անցկացվել է Անկարայում։
Նշենք, որ երեք երկրների տարածքով անցնում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարն ու Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը։