Վրաստանում քաղաքական սկանդալ է ծագել ներկայիս կառավարության՝ 2 միավոր Eurocopter AS332L1 Super Puma ուղղաթիռները վաճառելու մտադրության շուրջ։
Դրանք ձեռք են բերվել՝ համաձայն 2010-ի հունիսի 9-ին Փարիզում նախագահ Միխայիլ Սաակաշվիլու կողմից կնքված համաձայնագրի։
Ուղղաթիռներն ամենայն հավանականությամբ գնվել են հիմնականում նախագահին ու բարձրաստիճան պաշտոնյաների տեղափոխման նպատակով։ Բիձինա Իվանաշվիլու ներկայիս կառավարությունը ցանկանում է վաճառել ուղղաթիռները տնտեսական, մասամբ էլ՝ քաղաքական նկատառումներից ելնելով։
Իր հերթին, Միխայիլ Սաակաշվիլին կտրականապես դեմ է արտահայտվում՝ մեկնաբանելով, որ «ուղղաթիռների վաճառքը կհանգեցնի Վրաստանի պաշտպանական ներուժի թուլացմանը»։
Այսպես, սեպտեմբերի 9-ին Միխայիլ Սաակաշվիլին հրամանագիր է ստորագրել, որն արգելք է սահմանում Վրաստանի ՊՆ-ին պատկանող, ֆրանսիական արտադրության ուղղաթիռների վաճառքի վրա։ Նախագահը վկայել է, որ ՊՆ-ն առանց իր հայեցողության բանակցություններ է վարում միջնորդների օգնությամբ ուղղաթիռները Սանկտ Պետերբուրգից գործարարներին վաճառելու ուղղությամբ։ Նա նաև շեշտել է, որ «կառավարությունը, համաձայնագրով նախատեսված ևս 2 ուղղաթիռների ստացումն արագացնելու փոխարեն, վաճառում է եղած երկուսը, որոնք շատ կարևոր են ռազմական-փրկարարական գործողություններում»։
Սեպտեմբերի 10-ին Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը հայտարարել է, որ նախագահն իրավունք չուներ նման հրամանագիր ստորագրելու, հրամանագիրն օրենքի սահմաններում չէ, քանի որ «55 մլն եվրո արժողությամբ երկու ուղղաթիռները գնել է ոչ թե պաշտպանության, այլ էկոնոմիկայի նախարարությունը։ Ընդ որում, դրանցից մեկի ներքին հարդարումը արված է նախագահ Սաակաշվիլու ճաշակի համաձայն, ուստի ի սկզբանե նախատեսված էր նախագահի տեղափոխման համար»։
Սեպտեմբերի 11-ին Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը հավաստիացրել է, որ Super Puma ուղղաթիռների վաճառքի արդյունքում իրենց մտադիր էին գնել ավելի մեծ քանակի այլ ուղղաթիռներ, սակայն գնորդ չկա։
Սեպտեմբերի 12-ին Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանաշվիլին վկայել է, որ գնորդ լինելու դեպքում իրենք պատարստ են վաճառել Super Puma ուղղաթիռները, քանի որ «բարոյազուրկ արարք է կիրառել նման թանկարժեք ուղղաթիռներ այն դեպքում, երբ Վրաստանի բնակչության մեծ մասն աղքատության մեջ է ապրում»։
Ինչպես տեսնում ենք, Super Puma ուղղաթիռները կռվախնձոր են դարձել առանց այն էլ շատ հարցերում տարաձայնություններ ունեցող Միխայիլ Սաակաշվիլու և Բիձինա Իվանաշվիլու միջև։
Նշենք, որ Super Puma ուղղաթիռները ֆրանսիական արտադրության են, առաջին թռիչքը կայացել է 1978-ին, իսկ 1980-ից մեկնարկել է սերիական արտադրությունը։ Ունի 16,9 մ երկարություն, բարձրությունը՝ 4,80 մ, քաշը՝ 4500 կգ, արագությունը՝ 262 կմ/ժ։ Ուղղաթիռի գնորդների թվում են Արգենտինան, Բոլիվիան,Բրազիլիան, Չինաստանը և այլ երկրներ։