Իրանի իսլամական հանրապետությունում «Սրբազան պաշտպանության շաբաթվա» առիթով սեպտեմբերի 22-ին պետության մի շարք խոշոր քաղաքներում ռազմական շքերթներ են անցկացվել։
Ինչպես տեղեկացնում է իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը, շքերթին մասնակցել են Իրանի ԶՈւ բոլոր ստորաբաժանումները՝ ցամաքային զորքերը, «Սեպահ» կորպուսը, ռազմածովային ուժերը և այլն։
Համաձայն պաշտոնական հայտարարության՝ ռազմական շքերթի նպատակն է «Իրանի ռազմական հզոր ներուժի ցուցադրումը»։
Նշենք, որ Թեհրանում շքերթն ընթացել է նախկին հոգևոր առաջնորդ այաթոլլահ Հոմեյնիի դամբարանի առջևում։ Շքերթին ներկա էին Իրանի բարձրաստիճան քաղաքական ու ռազմական գործիչները, արտասահմանյան ներկայացուցչությունների ռազմական կցորդները, նախագահ Հասան Ռոուհանին։
Զորահանդեսին ցուցադրվեցին նաև Իրանի տեղական արտադրանքի նվաճումները։
Ընդ որում, իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ցուցադրվել են «Քադեր Ֆ» տիպի 18 բալիստիկ հրթիռ, «Սաջիլ» տիպի 12 հրթիռ, որոնց հեռահարությունը հասնում է 2 հազար կմ-ի։
Ներկայացվել են նաև իրանական նոր ռազմածովային հեռահար ֆազային ռադիոտեղորոշման «Ասր» սարքը, նաև «Ֆաքուր-90» հրթիռները. սրանք սովորաբար տեղադրվում են F-14 կործանիչների վրա։
Իրանը թերևս առաջին անգամ է ցուցադրում այս քանակի հրթիռներ, նախորդ զորահանդեսներին ներկայացրած հրթիռների քանակը եղել է 2-3։
Իրանի ռազմական շքերթ, լուսանկարը՝ Mehr լրատվական գործակալություն
Հիշեցնենք, որ Իրաքի՝ Իրանի վրա հարձակման օրն ամեն տարի Իրանում անցկացվում է «Սրբազան պաշտպանության շաբաթ», ինչ շրջանակներում էլ խոշոր քաղաքներում ռազմական շքերթ է կազմակերպվում։
Հավելենք, որ Իրան-իրաքյան պատերազմը սկսվել է 1980-ի սեպտեմբերի 22-ին, երբ Իրաքի բանակը հարձակվել է իրանական Խուժիստան նահանգի վրա։ Պատերազմն ավարտվել է 1988-ի օգոստոսի 20-ին հրադադարի պայմանագրով։ Երկու պետությունների սահմանները մնացել են նախապատերազմյան շրջանի տարբերակով։