Ռումինիան նոր կործանիչների կարիք ունի

Ռումինիան ծրագրում է իր ՌՕՈւ համար ձեռք բերել 12 միավոր օգտագործված F-16 կործանիչ՝ «երկրի օդային տարածքում անհայտ ինքնաթիռների թռիչքը կանխելու նպատակով»։

Ռումինիայի պաշտպանության նախարար Միրչա Դուշան, Պիտեշտ քաղաքում ելույթ ունենալով ռազմական ուսումնարանի շրջանավարտների առաջ, ասել է. «Գրեթե ամեն օր մեր երկրի օդային տարածքը խախտում են ոչ միայն անհայտ ինքնաթիռներ, այլև թռչող սարքեր։ Մեզ հարկավոր կլինի գնել նոր կործանիչներ՝ օդային տարածքի վերահսկողության համար»։

Նրա խոսքերով՝ ներկա դրությամբ այդ նպատակի համար կիրառվում են 1970-ականներին գնված, արդիականացված, սակայն հին համարվող ՄիԳ-21 ինքնաթիռները։ Նրանց մեծ մասը վերջին տարիներին գրանցված վթարների պատճառ է դարձել, դրա համար էլ կասեցրել են այդ ինքնաթիռների լայնամասշտաբ կիրառումը։

Հավելենք, որ ՆԱՏՕ ստանձնած պարտավորություններով՝ Ռումինիան պետք է արդիականացնի իր ՌՕՈւ-ն՝ արևմտյան արտադրության ռազմական տեխնիկա գնելով։ Հունիսին Ռումինիայի կառավարությունը հաստատել է Պորտուգալիայի ՌՕՈւ-ից օգտագործված F-16 կործանիչներ ձեռք բերելու վերաբերյալ պայմանագրի կնքումը։ 12 միավոր ինքնաթիռների արժեքը, որոնք Ռումինիային տրամադրվելու են 2015-ին, 825 մլն դոլար է։ Պայմանագիրն ընդգրկում է նաև օդաչուների վերապատրաստում ու տեխնիկայի սպասարկում։

Հիշեցնենք, որ դեռևս 2009-ին Ռումինիայի ռազմաօդային ուժերը ծրագրել էին ԱՄՆ-ից ձեռք բերել 24 միավոր օգտագործված F-16 կործանիչ։ Դա հանգեցրել էր Euro Fighter կոնսորցիումի դժգոհությանը։ Վերջինս հայտնել էր իր «խորը հիասթափությունը, որ Ռումինիայի իշխանություններն առանց միջազգային տենդեր հայտարարելու և նախնական այլ միջոցառումներ անցկացնելու գնման որոշում են կայացրել»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *