Կիպրոսի պաշտպանության նախկին նախարարին դատապարտել են ազատազրկման

Կիպրոսի պաշտպանության նախկին նախարար Կոստաս Պապակոստասին դատապարտել են 5 տարի ազատազրկման։ Նրան մեղադրում են իրականական առգրավված ռազմամթերքով բազայի պայթյունի գործում։Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը։

Կոստաս Պապակոստաս

Կոստաս Պապակոստաս

Նախկին նախարարը 2013 թվականի հուլիսի 9-ին մեղավոր է ճանաչվել ոչ կանխամտածված սպանության և հանցավոր անփութության համար։ 74-ամյա Պապակոստասը սիրտ-անոթային հիվանդությամբ այժմ հիվանդանոցում է և ներկա չի եղել դատական նիստին։

Բացի նախկին նախարարից, մեղավոր են ճանաչվել նաև երեք պաշտոնյաներ հրշեջ-փրկարարական ծառայությունից։ Իսկ ահա անփութության մեջ մեղադրվող Կիպրոսի նախկին ԱԳՆ նախարար Մարկոս Կիպրիանին արդարացվել է։

«Եվանգելոս Ֆլորակիս» ռազմաբազայում պայթյունը եղել է 2011 հուլիսի 11-ին, որի հետևանքով մահացել է 13 մարդ, մի  քանի տասնյակ մարդ էլ վիրավորվել է։ Պայթյունը վնասել էր նաև Կիպրոսի ամենամեծ էլեկտրակայանը, որի հետևանքով կղզում ընդհատվել էր էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Դրանից հետո Կիպրոսի կառավարությունը հրաժարական էր տվել։

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ ռազմաբազայում պայթել է 2009 թվականին իրանական «Մոնչեգորսկ» նավից առգրավված զինամթերքը։ Նավը կանգնեցվել էր Թեհրանի դեմ ՄԱԿ-ի հատուկ պատժամիջոցների շրջանակներում։

Հանձնաժողովը, հետաքննելով պատահարը, գլխավոր մեղավոր էր ճանաչել Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասին, ով էլ բռնագրավված զինամթերքը ռազմաբազայում պահելու համաձայություն էր տվել։ Սակայն նախագահը խուսափել է պատասխանատվությունից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *