Սաուդյան երկու ընկերություն թուրքական ԱԹՍ-ներ է արտադրելու․ Defense News

Սաուդական երկու ընկերություն՝ “Intra Defense Technologies”-ը և “Advanced Electronics Company”-ն թուրքական “Vestel Savunma Sanayi” ընկերության լիցենզիայով համատեղ արտադրելու են «Քարայել-ՍՈւ» (Karayel-SU) մարտավարական անօդաչու թռչող սարքեր։ Սաուդյան Արաբիայում սարքը վերանվանվելու է «Հաբուբ» (“Haboob”)։

Թուրքական Defense News մասնագիտացված կայքի փոխանցմամբ՝ այս մասին իրենց հայտնել է “Vestel Savunma” ընկերության անանուն պաշտոնյան՝ մանրամասնելով, որ իրենք ապահովելու են «սարքերի կրիտիկական անհրաժեշտ բաղադրիչները», իսկ “AEC”-ն արտադրելու է ԱԹՍ-ների համար անհրաժեշտ էլեկտրոնիկան։

Թուրք պաշտոնյան նաև նշել է, որ բացի համատեղ արտադրության գործարքից, Սաուդյան Արաբիան բանակցություններ է վարում նաև «Քարայել-ՍՈւ» անօդաչու թռչող սարքերի անհայտ խմբաքանակի վաճառքի շուրջ։

Ըստ թուրք ռազմական փորձագետ Անըլ Շահինի՝ գործարքը կայացել է 2017 թվականին Դուբայի ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ, և այժմ նախատեսվում է 2021-2025 թթ․ ընթացքում արտադրել 40 միավոր «Քարայել-ՍՈւ»։

Ուշագրավ է, որ մարտի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով Միջերկրական ծովում Հունաստան-Սաուդյան Արաբիա համատեղ զորավարժությունից, հայտարարել էր․

«Սաուդյան Արաբիան Թուրքիայից ուզում է հարվածային անօդաչու թռող սարքեր գնել, սակայն մյուս կողմից էլ զորավարժություն է անում Հունաստանի հետ»։


«Քարայել»-ը մարտավարական անօդաչու թռչող սարք է, որը նախատեսված է հետախուզության համար։ Ավելի փոքր չափերի նախատիպն իր առաջին թռիչքը կատարել էր 2009 թվականին, սակայն հետո պատվիրատուի՝ Թուրքիայի ԶՈւ-ի պահանջով ենթարկվել էր փոփոխությունների, այդ թվում՝ զգալի մեծացվել էին անօդաչուի չափերը։

«Քարայել ՍՈւ»-ի մարտավարատեխնիկական բնութագիրը

  • քաշը՝ 550 կգ,
  • առավելագույն բեռնատարողությունը՝ 170 կգ,
  • թևերի բացվածքը՝ 13 մետր,
  • երկարությունը՝ 6.5 մ,
  • օդում կարող է մնալ մինչև 20 ժամ և բարձրանալ մինչև 6.8 կմ,
  • արդյունավետ ազդեցության հեռավորությունը 150 կմ է,
  • զինված է MAM-C և MAM-L հրթիռներով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *