Մարտի 13-ին Սաուդյան Արաբիայի զինված ուժերի F-15 կործանիչները ժամանել են Հունաստանի Կրետե կղզի՝ մասնակցելու Սուդա ռազմածովային բազայում երկու երկրների ռազմաօդային ուժերի համատեղ «Բազեի աչք 1» (“Eye of the Falcon 1”) զորավարժությանը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ իրենք ցավում են Սաուդյան Արաբիայի այս որոշման համար և թերևս քննարկեն այս հարցը։
Այն մասին, որ պաշտոնական Էր Ռիադը կարող է F-15-ներ ուղարկել Հունաստանի և Թուրքիայի միջև վիճելի* համարվող Կրետե կղզու շուրջ ծովային տարածք, հայտնի էր դարձել դեռևս այս տարվա հունվարին։ Այդ ժամանակ էլ թուրքական մամուլը դա որակում էր որպես «Թուրքիայի համար սպառնալիք», քանի որ, ամենայն հավանականությամբ, հույն օդաչուներն էին թռիչքներ իրականացնելու այդ կործանիչներով։
*Թուրք-հունական հարաբերություններում կոնֆլիկտի պատճառներից մեկը Կրետե կղզուց Կիպրոս ընկած ծովային տարածությունում բնական պաշարների արդյունահանման հետախուզումն է, թե՛ Հունաստանը, թե՛ Թուրքիան պնդում են, որ հետախուզական գործողություններ անելու իրավունք ունեն։
Նշվում է, որ այս զորավարժության նպատակն է կատարելագործել օդային և տեխնիկական անձնակազմի հմտությունները և բարձրացնել Սաուդյան Արաբիայի օդուժի մարտական պատրաստվածությունը: Այն նաև նպաստելու է ռազմաօդային գործողությունների պլանավորման և իրականացման հարցում երկու երկրների զինված ուժերի փորձի փոխանակմանը:
Հավելենք, որ Սաուդյան Արաբիան ավիապարկում առկա F-15 կործանիչների թվով աշխարհում երրորդն է՝ ԱՄՆ-ից և Ճապոնիայից հետո։