Ուզբեկստանն ու Թուրքիան համատեղ զորավարժություն են անում

Մարտի 22-27-ն Ուզբեկստանի՝ Աֆղանստանի սահմանակից Տերմեզ շրջանում Թուրքիայի և Ուզբեկստանի ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումները համատեղ զորավարժություն են իրականացնելու։

Այս մասին հայտնում է Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ զորավարժությունն անցկացվում է երկու երկրի միջև ռազմական համագործակցության պլանին համապատասխան։

Զորավարժությունների մեկնարկին ներկա են եղել Ուզբեկստանի ՊՆ աշխատակազմի ղեկավար գնդապետ Լազիզ Ուսմոնովը, Հարավային օպերատիվ հրամանատարության ղեկավար գնդապետ Պյուլատ Սադիվալդիևը և Թուրքիայի հատուկ գործողությունների բրիգադի հրամանատարի տեղակալ գնդապետ Ռուշթու Թյուրեդին։

Ըստ աղբյուրի՝ հատուկջոկատայինները մշակելու են մերձամարտի էլեմենտներ, կհաղթահարեն 15-կիլոմետրանոց համալիր մարտավարական գիծը, կանցկացնեն ցուցադրական հրաձգություն և կցուցադրեն էքստրեմալ պայմաններում գոյատևման հմտություններ:

Նշենք, որ 2020թ. հոկտեմբերի 27-ին՝ Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարի Ուզբեկստան այցի ընթացքում, Թուրքիայի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարների միջև ստորագրվել է ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման, ինչպես նաև ռազմական ֆինանսավորման շուրջ պայմանագիր։ Այն Ուզբեկստանի նախագահ Շևքաթ Միրզիյոևը հաստատեց միայն նախորդ շաբաթ՝ մարտի 19-ին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *