Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն մարտի 13-ին հայտարարել է, որ Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները»՝ YPG-ն, դուրս է գալու Մանբիջ քաղաքից, որից հետո քաղաքի վերահսկողությունը իրենց վրա են վերցնելու թուրք և ամերիկացի զինծառայողները: Փոխանցում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:
Չավուշօղլուն նշել է, որ կողմերը նման համաձայնության են եկել Վաշինգտոնում Սիրիայի հարցով թուրք-ամերիկյան կոմիտեի հանդիպումների ընթացքում: Նա միևնույն ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայի և ԱՄՆ արտգործնախարարները ևս մեկ անգամ հանդիպելու են Վաշինգտոնում մարտի 19-ին՝ վերջնականապես հստակեցնելու են Մանբիջից YPG-ի դուրսբերման ժամկետները:
«YPG-ն ոչ մի կերպով այնտեղ չի լինելու: Մանբիջից YPG-ի դուրս գալուց հետո, այնտեղ կլինեն ԱՄՆ և Թուրքիայի զինծառայողներ: Կհետևենք YPG-ի դուրսբերմանը: Այնտեղի անվտանգությունը ո՞վ է ապահովելու. թուրք և ամերիկացի զինծառայողները: Սկզբում այդ մոդելը Մանբիջում կկիրառենք, այնուհետև կտարածենք նաև այլ տարածքների վրա: Այն նաև անցողիկ է Ռաքքայի և Եփրատ գետի արևելքի համար…
Մարտի 19-ին անցկացվելիք հանդիպման ժամանակ ճանապարհային քարտեզը հստակ կերպով գծվելու է, ժամկետներն էլ դրա հետ միասին պարզ կդառնան…», — նշել է Չավուշօղլուն:
Նշենք, որ մարտի 13-ին թուրքական կողմը նաև հայտարարել է, որ Թուրքիայի ուժայինները և նրանց աջակցող զինյալները արդեն ամբողջությամբ շրջափակել են Սիրիայի Աֆրին քաղաքը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի զինուժը և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալները Աֆրինում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպնության ջոկատների»՝ YPG-ի դեմ գործողություններ են սկսել հունվարի 20-ից: Թուրքական կողմից գործողություններին ներգրավված են նաև ժանդարմերիայի, ոստիկանության հատուկ ուժերը:
Միացյալ Նահանգները Սիրիայի քրդական ուժերին համարում է իր դաշնակից «Իսլամական պետության» դեմ պայքարում և մշտապես ռազմական աջակցություն է ցուցաբերում այդ ուժերին: Թուրքական կողմը այս աջակցությունը սվիններով է ընդունում՝ ԱՄՆ-ին մշտապես մեղադրելով «ահաբեկիչներին» աջակցելու համար:
Ամերիկյան կողմն էլ մշտապես Թուրքիայի կոչ է անում կենտրոնանալ ԻՊ դեմ պայքարի վրա և նաև «սահամանափակել» Սիրիայի Աֆրին շրջանում գործողությունները:
Աֆրինի գործողության մասին մանրամասն այստեղ: