Թուրքիան Աֆրինում քրդերի դեմ քրդերով է «պայքարում»

Սիրիայի Աֆրին շրջանում քրդական ուժերի դեմ Թուրքիայի զինուժի գործողություններին միանում են նաև Անկարային աջակցող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման կազմում գործող և հիմնականում քրդերից կազմված «Քուրդ բազեների բրիգադը»: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Աֆրին է ուղարկվել «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման կազմում գործող և հիմնականում քրդերից կազմված «Քուրդ բազեների բրիգադը»

Աֆրին է ուղարկվել «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման կազմում գործող և հիմնականում քրդերից կազմված «Քուրդ բազեների բրիգադը»

Ըստ աղբյուրի՝ բրիգադի կազմում կռվում է 400 քուրդ և 200 արաբ: «Կարմիր բերետավորներ» անունով հայտնի նաև քուրդ-արաբական ուժերը մասնավորապես ներգրավվելու են Աֆրինի կենտրոնի շրջափակման գործողություններին:

Այս քայլը որոշակի քարոզչական բնույթ ունի: Սրանով թուրքական կողմը և Անկարայի աջակից զինյալները ձգտում են նորից բաժանարար գծեր դնել քրդերի միջև՝ հստակ տարանջատելով քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին» (YPG) և «Անկարայի քրդերին»: Թուրքիան YPG-ին համարում է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) սիրիական ճյուղ և «ահաբեկչական կառույց»:

Միևնույն ժամանակ, հիշեցնենք, որ «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը ներգրավված է հիմնական ցամաքային գործողություններին՝ այդպիսով թուրքական կողմը փորձում է հնարավորինս քիչ կորուստներ տալ իր իսկ զինված ուժերից:

Օրեր առաջ նաև հայտնի էր դարձել, որ Թուրքիան Աֆրին է ուղարկել նաև «գյուղական պահապաններին», որոնք նույնպես հիմնական քրդերի կազմված զինված խմբեր են և Թուրքիայի տարածքում ներգրավված են PKK-ի դեմ գործողություններում:

Աֆրինում Թուրքիայի «Ձիթենու ճյուղ» գործողությունը սկսվել է հունվարի 20-ից: Գործողություններին ներգարավվել են նաև թուրքական ժանդարմերիայի, ոստիկանության հատուկ նշանակության ուժերը: Թուրքական զինուժը Աֆրինում մինչև այժմ կորցրել է առնվազն 35 զինծառայող, ինչպես նաև «Աթաք» ուղղաթիռ, մի քանի «Լեոպարդ» տանկեր, «Բայրաքթար» ԱԹՍ և այլ զինտեխնիկա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *