ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ)՝ Չեչնիայում տեղակայված 42-րդ մոտոհրաձգային դիվիզիայի շուրջ 1000 զինծառայող ՀՌՇ պլանային ստուգումների շրջանակներում տագնապով ոտքի են հանվել։ Այս մասին հուլիսի 5-ին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։
Մոտոհրաձիգները պետք է վերատեղակայվեն Ռոստովի շրջանի «Կուզմինսկիի» զորավարժարանում։ Նախանշված վայր հասնելուց հետո զինծառայողները կիրականացնեն կրակային, մարտավարական, հատուկ պատրաստության, մարտական մեքենաներ վարելու վարժանքեր։
Ստուգումների շրջանակներում զինծառայողները մարտական կրակ կվարեն Տ-72Բ3 տանկերով, ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներով, ԲՄ-21 «Գռադ» համազարկային կրակի ռեակտիվ կայաններով։
Վարժանքներին հատկապես ուշադրություն է դարձվելու ստորաբաժանումների ներդաշնակման բարելավմանը, մարտի դաշտում ճիշտ գործելու, մարտական մեքենաները քողարկելու, արգելապատնեշներ հաղթահարելու հմտությունների յուրացմանը։
Վարժանքներին ընդհանուր առմամբ ներգրավվել է 300 միավոր զինտեխնիկա։
Հիշեցնենք, որ հունիսի 1-ից ՀՌՇ ստորաբաժանումներում շուրջ 7 հազար զինծառայողի մասնակցությամբ հանկարծակի ստուգումներ էին մեկնարկել: Այս անգամ ստուգումներին չէին ներգրավվել ՀՌՇ՝ Հայաստանում տեղակայված ուժերը: