Հունիսի 6-ին ԱՄՆ ՊՆ (Պենտագոն) կայքը հայտնել է, որ Նահանգների գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիան հարվածել է Սիրիայի կառավարամետ ուժերի դիրքերին: Նշվում է, որ այդ ուժերը փորձում էին ներթափանցել շրջաններ, որտեղ «ապաբախումային գոտի» է ստեղծվել: Պենտագոնի հայտարարության համաձայն՝ կոալիցիայի հարվածի արդյունքում սպանվել է «ավելի քան 60 զինծառայող»:
Ամերկյան կողմը պնդում է, որ Սիրիայի կառավարամետ ուժերը փորձում էին տանկերի, հրետանու, ՀՕՊ զինատեսակների կիրառմամբ ներխուժել կոալիցիոն ուժերի դաշնակիցների հսկողության տակ գտնվող տարածք, որտեղ «ոչ բախումային գոտի» էր սահմանված: Իրենք նախազգուշացրել են, ինչից հետո միայն հարվածել:
Պենտագոնի հայտարարությունում նշվում է, որ «իրենք ամենևին էլ ցանկություն չունեն հարվածել Սիրիայի կառավարական կամ կառավարամետ ուժերին, բայց կհարվածեն, եթե նրանք փորձել ներխուժել ոչ բախումային գոտիներ»:
Ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, փոխանցելով «տեղեկացված աղբյուրից» ստացած լուրերը, նշում է, որ կոալիցիայի ավիահարվածների արդյունքում սպանվել է Սիրիայի բանակի 2 զինծառայող, ևս 15-ը վիրավորվել են:
Միջադեպը գրանցվել է Սիրիայի հարավային՝ Հորդանանի և Իրաքի սահմանին մոտ տեղակայված Թանֆ բազայում: Այդ բազայում տեղակայված են ԱՄՆ գլխավորած կոլիցիայի ուժերը, այդ թվում՝ ռազմական ավիացիա: Նման միջադեպ գրանցվել էր նաև մայիսի 18-ին, երբ կոալիցիան կրկին հարվածել էր Սիրիայի կառավարամետ ուժերին:
Սիրիական պետական «ՍԱՆԱ» գործակալությունը հայտնում է, որ ամերիկյան օդուժը հարվածել է հենց կառավարական ուժերի դիրքերին:
Հիշեցնենք, նաև, որ 2017 թ. ապրիլի սկզբին ամերիկյան զինուժը հրթիռակոծել էր Սիրիայի կառավարական ուժերի ավիաբազա: այդ ժամանակ նշվում էր, որ պատճառը Սիրիայի կառավարության հրամանով «քիմիական զենքի կիրառումկն է»: